Էմանուել Մակրոնը և Մարին Լը Պենը կպայքարեն Ֆրանսիայի նախագահի ընտրության երկրորդ փուլում

ՄՄերի Ներսիսյան

Ֆրանսիայում նախագահի ընտրության երկրորդ փուլ կանցկացվի: Երեկ կայացած առաջին փուլի ընտրության քվեաթերթիկների 97 տոկոսի հաշվարկից հետո գործող նախագահ Էմանուել Մակրոնն առաջատար է՝ 27.6 տոկոս արդյունքով, նախագահի ընտրության երկրորդ փուլ է անցել «Ազգային միավորման» թեկնածու Մարին Լը Պենը՝ հավաքելով ձայների 23,4 տոկոսը: Նախագահական մրցավազքից դուրս մնացած թեկնածուների մեծ մասը կողմնակիցներին կոչ է արել երկրորդ փուլում աջակցել Էմանուել Մակրոնին։ Ընտրությունների երկրորդ փուլը ապրիլի 24-ին է: Ֆրանսիայում երկրորդ փուլով նախագահի ընտրություննն արդեն ավանդույթի է վերածվել: Ֆրանսիայի Հինգերորդ Հանրապետության 60-ից ավելի տարիների ընթացքում նախագահի ոչ մի ընտրություն մեկ փուլով չի անցկացվել։

Ապրիլի 10-ին կայացած ընտրությունների առաջին փուլին ընտրողների մասնակցությունը կազմել է 74,84 տոկոս։ Քվեարկության նախնական տվյալների հրապարակումից հետո նախագահի ամենաշատ ձայներ հավաքած 2 թեկնածուները հանդես են եկել ուղերձով:

Էմանուել Մակրոն (Ֆրանսիայի նախագահի թեկնածու, գործող նախագահ)

Ես կոչ եմ անում իմ հայրենակիցներին՝ անկախ նրանից, թե ինչ  ընտրություն են արել առաջին փուլում, միանալ մեզ: Մեզ համար այս շրջադարձային պահին ես ձեռք եմ ուզում մեկնել նրանց, ովքեր ցանկանում են աշխատել Ֆրանսիայի համար: Մեր առաջարկած նախագիծը շատ ավելի ուժեղ արձագանք է այսօրվա մարտահրավերներին. դուք կարող եք հույս դնել ինձ վրա: Ապրիլի 24-ին Ֆրանսիայի և Եվրոպայի համար մենք կարող ենք նոր դարաշրջանի ընտրություն կատարել, ապրիլի 24-ին մենք պետք է հույսի ընտրություն կատարենք, ապրիլի 24-ին միասին մենք կընտրենք Ֆրանսիան և Եվրոպան:

Մարին Լը Պեն (Ֆրանսիայի նախագահի թեկնածու)

Ֆրանսիացիներն ասացին իրենց խոսքը ու պատվի արժանացրին՝ անցնելու երկրորդ փուլ: Ես կոչ եմ անում բոլոր ֆրանսիացիներին՝ միանալ այս մեծ ազգային և ժողովրդական հավաքին: Մենք միասին կերտելու ենք այս հաղթանակը, իրականացնելու իշխանության կարևոր փոփոխությունը, որն անհրաժեշտ է Ֆրանսիային, և հենց այդ ընտրությունն է տանելու մեր երկիրը դեպի երրորդ հազարամյակ: Փա՛ռք Հանրապետությանը, փա՛ռք Ֆրանսիային:

Առաջին փուլի նախնական տվյալների հրապարակումից հետո Ֆրանսիայում հարցումներ են անցկացվել՝ պարզելու, թե ում օգտին են քվեարկելու ֆրանսիացիները ապրիլի 24-ին: Անցկացված հարցումների համաձայն՝ 2-րդ փուլում գործող նախագահ Էմանուել Մակրոնի հաղթանակի հավանականությունը բավական մեծ է։

ԿՈՒԼԵԲԱՆ՝ ՆԱՏՕ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ուկրաինայում շարունակվող Ռուսաստանի հատուկ գործողության ֆոնին՝ Կիևից շարունակում են հնչել ՆԱՏՕ-ին անդամակցելու անհրաժեշտության մասին հայտարարություններ: «Ռուսաստանի ներխուժումը կկանխվեր, եթե Ուկրաինան լիներ ՆԱՏՕ-ի անդամ»,- հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարարը: Դմիտրո Կուլեբան միաժամանակ շեշտել է, որ անկախ դրանից լիովին վստահում է ուկրաինական բանակին՝ նրանց երկրորդը դասելով ԱՄՆ-ից հետո մարտական փորձով և մարտունակությամբ: Կուլեբան շեշտել է, որ այս պայքարում Ուկրաինան հաղթանակած առաջ է գնում. «Ռուսաստանը պլանավորում էր երեք օրում հաղթել Ուկրաինային. նրանց ծրագիրը ձախողվել է, մենք կհաղթենք այս պատերազմում և կազատագրենք մեր տարածքները, ժամանակը կարևոր է, բայց մենք չենք հաշվարկել, թե որքան ժամանակ կպահանջվի դրա համար՝ նշել է Ուկրաինայի արտգործնախարարը:

ԿՔՆՆԱՐԿՎԻ ՌԴ ՆԿԱՏՄԱՄԲ ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարները Լյուքսեմբուրգում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հավանականությունը՝ հանդիպումից առաջ հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարվերով պատասխանատու Ժոզեպ Բորելը: «Պատժամիջոցները միշտ մեր օրակարգում են»՝ նշել է Բորելը և հավելել, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել Ռուսաստանի էներգետիկ ոլորտի ճնշումների վրա: Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարվերով պատասխանատուի խոսքով՝ արտգործնախարարները նաև կքննարկեն Ուկրաինային ռազմական օգնության ընդլայնման հարցը:

ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼ ԱՐՏԱՍՈՎՈՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ. ԿՈՉ ԵՄ-ԻՆ

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ սովորաբար երկրի անդամակցության գործընթացը ԵՄ-ին երկար տարիներ է տևում, սակայն Ուկրաինայի դեպքում միության անդամները պետք է պատրաստ լինեն այդ գործընթացն արագացնել: Ֆոն դեր Լայենը նաև ԵՄ երկրների իշխանություններին կոչ է արել պատրաստ լինել արտասովոր որոշումներ կայացնել: Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարությունն արել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում