Այլ հակամարտությունների բռնկումը Ադրբեջանն օգտագործում է Արցախում անկայունություն հրահրելու համար

ՆՆարեկ Սահակյան

Աշխարհի այլ վայրերում հակամարտությունների բռնկումը Ադրբեջանն օգտագործում է Արցախում անկայունություն հրահրելու համար՝  Արցախի խորհրդարանի լիագումար նիստում հայտարարեց պատգամավոր Գեղամ Ստեփանյանը: Նրա խոսքով՝ պետք է լինի հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմ:

Գեղամ Ստեփանյան (Արցախի ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր) - Նման իրավիճակում խիստ կարևոր են խաղաղապահ ուժերի հետ մեր համադրված գործողությունները, որոնք պետք է միտված լինեն զինադադարի ռեժիմի խախտումների դեպքերը վերլուծելու և դրանց կրկնումը բացառելու համար պրակտիկ մեխանիզմների ներդրմանը:

Մարտի 24-ին ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը Փառուխ գյուղի հատվածում, այնուհետև տարբեր զինատեսակների կիրառումը հայկական կողմի ուղղությամբ չպետք է անհետևանք մնա միջազգային հանրության շրջանում: Արցախի խորհրդարանի ամենամեծ խմբակցության ղեկավարն առաջարկում է երկրի հիմնական ներուժն ուղղել անվտանգային ծրագրերին:

Արթուր Հարությունյան (Արցախի ԱԺ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար) - Կարծում եմ՝ մենք պետք է վերանայենք մեր երկրում իրականացվող բոլոր ծրագրերը՝ մեր հիմնական ներուժն օգտագործելով և առաջնահերթությունը տալով մեր անվտանգային համակարգի զարգացմանը ու հզորացմանը, քանի դեռ մեր թշնամին չի հրաժարվել իր որդեգրած ուղուց:

Ձնառատ գարունը հիշեցրեց, որ մեկ վայրկյան անգամ չի կարելի թուլացնել զգոնությունը,- ասաց Արցախի խորհրդարանի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ու հիշեցրեց՝ ստեղծված իրավիճակում ավելի պահանջված է դառնում համազգային օրակարգ ունենալը:

Սեյրան Հայրապետյան (Արցախի ԱԺ պաշզտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Այդ օրակարգում պետք է հստակ լինի Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, Սփյուռքի, մեր ռազմավարական դաշնակցի, որը խաղաղապահ առաքելություն է իրականացնում Արցախում, գործառույթները՝ ունենալով ճանապարհային քարտեզ, ստեղծված աշխարհաքաղաքական և օպերատիվ իրավիճակներում գործելու:

Հայրապետյանը շեշտում է՝ չեն ուզում պատերազմի արհավիրքների միջով կրկին անցնել, բայց եթե խաղաղություն, ապա՝ արժանապատիվ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում