ՈԴ-ն չի ցանկանում օկուպացնել Ուկրաինան կամ տապալել գործող իշխանությունը. Զախարովա

ԴԴիանա Գասպարյան

ՌԴ-Ն ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մոսկվան և Կիևը հուսով են, որ իրավիճակը խաղաղ ճանապարհով կարգավորելուն ուղղված ջանքերը կշարունակվեն։ ՈԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է բանակցությունների նոր փուլերի շուտափույթ անցկացմամբ։ Նա ընդգծել է նաև Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումի շրջանակում ՌԴ և Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպման կարևորությունը։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, իր հերթին, նշել է, որ ուկրաինական կողմը պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցությունների հաջորդ փուլերին։ «Մեր պատվիրակությունն արդեն վերադարձել է Բելառուսից, նրանք կզեկուցեն ինձ արդյունքների մասին», - հավելել է նա։

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՕԿՈՒՊԱՑԻԱՆ ՉԷ. ԶԱԽԱՐՈՎԱ

Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունն իրականացվում է ըստ ժամանակացույցի՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հավելել է, որ գործողության խնդիրը ո՛չ Ուկրաինայի օկուպացիան է, ո՛չ այդ երկրի պետականության ոչնչացումը, ո՛չ էլ գործող իշխանության տապալումը։
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Կիևին կոչ է արել ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները՝ խաղաղ բնակչության անվտանգ տարհանումն ապահովելու համար, ընդգծելով՝ շատ հաճախ Կիևը գործնականում չի կատարում ձեռք բերված պայմանավորվածությունները։ «Հուսով ենք՝ բանակցությունների հաջորդ փուլերում էական առաջընթաց կգրանցվի», - նշել է նա։

Անդրադառնալով Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերություններին՝ Զախարովան շեշտել է՝ Ռուսաստանը երբեք չի սպառնացել և չի սպառնում ՆԱՏՕ-ին, սակայն պահանջում է հարգել անվտանգային հարցերում իր օրինական շահերը։ Նա նաև մտահոգություն է հայտնել, որ Դաշինքն ուժեր է կուտակում Արևելյան Եվրոպայում։

ԱՄՆ-Ն ԱՐԳԵԼԵԼ Է ՌՈՒՍԱԿԱՆ ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ

Ջո Բայդեն (ԱՄՆ նախագահ) - Ես հայտարարում եմ, որ այսօր ԱՄՆ-ը թիրախավորում է Ռուսաստանի տնտեսության գլխավոր զարկերակը։ Մենք արգելք ենք սահմանում ռուսական նավթի ու գազի ներկրման վրա:

Այս հայտարարությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ազդարարեց էներգետիկ ոլորտի վրա տարածվող նոր պատժամիջոցների մասին: Ըստ Բայդենի՝ որոշումը կայացվել է եվրոպական և մյուս դաշնակիցների հետ խորհրդակցությունների արդյունքում, այնուհանդերձ, ամերիկյան կողմը հասկանում է, որ Եվրոպայում դաշնակիցները չեն կարողանա միանալ ներմուծման արգելքին։ Միևնույն ժամանակ Սպիտակ տնից հայտնել են, որ ԱՄՆ-ն մտադիր չէ հետևել Ուկրաինայում «սահմանափակ ոչ թռիչքային գոտի» ստեղծելու կոչերին. դա կնշանակեր ՌԴ հետ պատերազմ:
Վաշինգտոնը սկսել է աշխատել նաև մատակարարման այլընտրանքային աղբյուրներ գտնելու ուղղությամբ։ Որպես հնարավոր տարբերակ է դիտարկվում Վենեսուելան: ԱՄՆ իշխանությունները հայտնել են, որ պատրաստ են թուլացնել վենեսուելական նավթի ներկրման սահմանափակումները՝ փոխարինելու ռուսական էներգակիրները։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ողջունել է Միացյալ Նահանգների կողմից նոր պատժամիջոցների սահմանումը և հայտարարել՝ Կիևը Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ է ակնկալում նաև Եվրամիությունից։
Եվրոպական կողմը, սակայն, դեռ չի շտապում սահմանափակել ռուսական էներգակիրների ներմուծումը: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ մտադիր չեն հետևել ԱՄՆ-ի օրինակին, սակայն միությունը գազի այլընտրանքային աղբյուրներ է փնտրում։ Նա Եվրոպայի բնակիչներին կոչ է արել խնայել էներգիան՝ ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու համար։

Էներգետիկ պատժամիջոցներին դեմ է արտահայտվել Հունգարիան։ «Ռուսաստանի էներգետիկ ռեսուրսները որոշիչ դեր են խաղում, Հունգարիան այնպիսի որոշումներ չի կայացնի, որոնք կվնասեն իր ժողովրդին», - հայտնել են երկրի ԱԳ նախարարությունից։

Անդրադառնալով էներգետիկ ոլորտում Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին՝ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վաշինգտոնը դե ֆակտո տնտեսական պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ․ «Իրավիճակը համաշխարհային էներգետիկ շուկաներում տուրբուլենտ է, և հայտնի չէ՝ այդ տուրբուլենտությունն ինչ մակարդակի կհասնի», - նշել է նա։

Պեսկովը հայտնել է նաև, որ Ռուսաստանը միջոցներ է ձեռնարկում երկրի տնտեսության վիճակը կայունացնելու համար։ Նրա խոսքով՝ առաջիկա ժամերի ընթացքում կմշակվի այն հումքի և արտադրատեսակների ցանկը, որոնց ներմուծումն ու արտահանումը պատժամիջոցների ֆոնին կարող է սահմանափակվել։

Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն էլ համոզված է՝ ռուսական էներգակիրների արտահանման սահմանափակումից կտուժեն բոլոր կողմերը։ «Պեկինը դեմ է միակողմանի պատժամիջոցներին, որոնք հիմնված չեն միջազգային իրավունքի վրա: Դա մեզ ոչ միայն խաղաղություն չի բերի, այլև լուրջ խնդիրներ կստեղծի երկրների տնտեսությունների համար», - հայտարարել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնեցրել են ավելի քան 100 ռուս գործարարի և ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց ու նրանց ընտանիքների անդամների դեմ նոր պատժամիջոցները։ Բելառուսական 3 բանկ անջատվել է SWIFT համակարգից։ Եվրահանձնաժողովը փորձում է սահմանափակել կրիպտոարժույթներին Մոսկվայի հասանելութունը, մեծացել է նաև արտահանման ոչ ենթակա տեխնոլոգիաների ու ապրանքների ցանկը։ Հաստատվել են ծովային հատվածին վերաբերող սահմանափակումները։

ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ ԼԵՀԱԿԱՆ ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐ

Լեհաստանը պատրաստ է իր բոլոր ՄԻԳ-29 ինքնաթիռներն ուղարկել Գերմանիայում գտնվող ամերիկյան Ռամշտեյն ավիաբազա՝ ասված է Լեհաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։ Խոսքը ավելի քան երկու տասնյակ կործանիչների մասին է: Ենթադրվում է, որ այդ ինքնաթիռներն այնուհետև ՆԱՏՕ-ի որոշմամբ կտրամադրվեն Ուկրաինային։ Ավելի վաղ պաշտոնական Վարշավան հայտարարել էր, որ ինքնաթիռներ չի ուղարկի Ուկրաինա, քանի որ ռուս-ուկրաինական հակամարտության անմիջական կողմ չէ:

Վոլոդիմիր Զելենսկին արձագանքել է Լեհաստանի որոշմանը, հայտարարել՝ պատասխանատվությունից մի՛ խուսափեք, մեզ ինքնաթիռներ ուղարկեք:

«Մենք գիտենք, որ ամերիկյան կողմի և Լեհաստանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Բայց միևնույն ժամանակ լսում ենք, որ Վաշինգտոնում ասում են, թե Լեհաստանի առաջարկն անհիմն է։ Մենք պատերազմում ենք: Խոսքը մարդկային կյանքերի մասին է։ Հնարավորինս շուտ լուծեք այս խնդիրը», - նշել է Զելենսկին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում