Ադրբեջանը դժգոհ է Մարսելի «Օլիմպիկի» հայ երկրպագուներից

ԴԴիանա Գասպարյան

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԲՈՂՈՔԻ ՀԱՅ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻ ՊԱՀՎԱԾՔԻՑ

Ադրբեջանը մտադիր է դիմել ՈՒԵՖԱ-ին և «Մարսել» ֆուտբոլային ակումբին ու բողոքել Մարսելի մարզադաշտում հայ երկրպագուների, ադրբեջանական ձևակերպմամբ, սադրիչ պահվածքի առնչությամբ: Վերջիններս մարզադաշտում ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշները:
Մարսելի «Օլիմպիկը» Կոնֆեդերացիաների լիգայի 1/16 եզրափակչի շրջանակում սեփական հարկի տակ ընդունել էր ադրբեջանական «Քարաբաղ» ակումբին՝ հաղթանակ տանելով 3-1 հաշվով։

ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՐԿԱԴՐԱԲԱՐ ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄ Է ՍԻՐԻԱՑԻ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ

2019-ից 2021 թվականներին թուրքական իշխանությունները մոտ 155 000 սիրիացի փախստականի հարկադրաբար վերադարձրել են Սիրիա: Այս մասին նշված է «Սիրիացիները՝ հանուն ճշմարտության և արդարության» իրավապաշտպան կազմակերպության հրապարակած զեկույցում: Իրավապաշտպաններն ահազանգում են, որ Թուրքիան այս գործընթացը ներկայացրել է որպես «կամավոր վերադարձ», սակայն սիրիացի փախստականներն իրականում ենթարկվել են հետապնդումների, անօրինական կալանավորման, ինչից հետո տեղափոխվել են Սիրիայի հյուսիսային շրջաններ, որոնք գտնվում են Թուրքիայի աջակցությունը վայելող խմբավորումների վերահսկողության տակ: Ըստ զեկույցի՝ այնտեղ փախստականների նկատմամբ հալածանքները շարունակվել են, և նրանցից գումար են պահանջել՝ ազատ արձակելու դիմաց:

ԳՆԱՃԻ ՀԵՏ ԸՆԿՆՈՒՄ Է ԷՐԴՈՂԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կառավարությունը հուսով է, որ թուրքերը մի քանի ամիս էլ կդիմանան գնաճին՝ մինչև բացվի զբոսաշրջային սեզոնը, ինչը կօգնի հաղթահարել տնտեսական ճգնաժամը և վերադառնալ մինչհամավարակային ցուցանիշներին՝ գրում է Reuters գործակալությունը։
Հոդվածի հեղինակների կարծիքով՝ սա բավական ռիսկային ծրագիր է, քանի որ արդեն իսկ ի հայտ են եկել որոշ խնդիրներ, օրինակ՝ գնաճը մոտենում է 50 %-ին։ Մի շարք տնտեսագետներ ակնկալում են, որ գների և աշխատավարձերի հետ կապված հանրային ճնշումները կպահպանվեն ողջ տարվա ընթացքում: Խոցելի է նաև ազգային արժույթը, որն անցյալ տարի արժեզրկվել է 44 %-ով։

Թուրքիայի կառավարությունն արդեն ավելի քան 20 միլիարդ դոլար է ծախսել ազգային արժույթը կայունացնելու համար և ակնկալում է, որ տարվա երկրորդ կեսին երկրում տնտեսական պատկերը կփոխվի:

Թուրքիայում տնտեսական ճգնաժամը և հասարակական լարվածությունը բացասաբար են անդրադառնում նաև Էրդողանի վարկանիշի վրա: Ըստ գործակալության՝ Թուրքիան 19 տարի ղեկավարող Էրդողանի վարկանիշը նվազել է՝ հասնելով 37,9 տոկոսի։

ԻՐԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Իրանը հուսով է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը հնարավոր կլինի լուծել խաղաղ ճանապարհով՝ առանց երրորդ երկրների միջամտության՝ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի հետ հեռախոսազրույցում ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, ապա հավելել. «Մենք ցանկանում ենք պահպանել կայունությունը տարածաշրջանում»։

Դիվանագետի խոսքով՝ Իրանը պատրաստ է ցուցաբերել ցանկացած անհրաժեշտ օգնություն՝ Ուկրաինայում ճգնաժամի խաղաղ կարգավորման համար։

Կուլեբան էլ նշել է, որ Կիևը պատերազմի չի ձգտում և ցանկանում է հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով։

Ավելի վաղ Ուկրաինայի շուրջ լարվածության վերաբերյալ Աբդոլլահիանը հեռախոսազրույց էր ունեցել Լավրովի հետ՝ առաջարկելով Թեհրանի միջնորդական աջակցությունը:

ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ ՇՏԱՊՈՒՄ ԱՆՑՆԵԼ ԼԱՏԻՆԱՏԱՌԻ

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ երկրում հարկավոր է լեզվական բարեփոխում իրականացնել, սակայն միևնույն ժամանակ չպետք է շտապել կիրիլիցայից լատինատառ գրության անցնելու հարցում, ինչը նախատեսվում էր ավարտել 2031 թվականին։ Նա հավելել է, որ կարևոր է ոչ թե հետևել «բարեփոխումներ հանուն բարեփոխումների» սկզբունքին, այլ պահպանել ղազախերենը:

2017 թվականին Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրամանագիր էր ստորագրել մինչև 2025 թվականը կիրիլիցայից լատինական այբուբենի փուլային անցման մասին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում