Բայդենը դիմել է Ռուսաստանի քաղաքացիներին

ԴԴիանա Գասպարյան

ՄՈՍԿՎԱՆ ԿՊԱՏԱՍԽԱՆԻ ՆԱՏՕ-Ի ԵՎ ԱՄՆ-Ի ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԻՆ

Նախօրեին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը։ Ռուսական կողմը նշել է անվտանգային երաշխիքների շուրջ համատեղ աշխատանքները շարունակելու անհրաժեշտությունը և ագրեսիվ հռետորաբանության անթույլատրելիությունը:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, իր հերթին, հայտարարել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորման հնարավորությունները պահպանվում են, և Վաշինգտոնը հավատարիմ է խնդիրները դիվանագիտական ճանապարհով լուծելուն։

Կողմերն անդրադարձել են նաև Եվրոպայում անվտանգության երաշխիքների թեմային. ՌԴ ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոսկվան առաջիկա օրերին կպատասխանի ռուսական առաջարկների վերաբերյալ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գրավոր արձագանքներին:

Արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տարբեր մակարդակներով առաջիկա շփումների ժամանակացույցը:

ԴՈՒՔ ՄԵՐ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ ՉԵՔ. ԲԱՅԴԵՆԸ՝ ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

«Դիմում եմ Ռուսաստանի քաղաքացիներին՝ դուք մեր թշնամիները չեք»,- Սպիտակ տանը ելույթում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ հավելելով, որ չի հավատում, թե Ռուսաստանն ուզում է պատերազմել Ուկրաինայի հետ:

Բայդենը նշել է, որ ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ ՆԱՏՕ-ն Ուկրաինայում հրթիռներ չունեն և մտադիր չեն այդպիսիք տեղակայել նաև հետագայում: Նա հստակեցրել է նաև, որ Վաշինգտոնը մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա, եթե երկրում ռազմական գործողություններ սկսվեն, սակայն կշարունակի զորավարժություններ անցկացնել դաշնակիցների և գործընկերների հետ:

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ը համակարծիք է Ռուսաստանի հետ, որ անհրաժեշտ է շարունակել դիվանագիտական ջանքերը Եվրոպայում անվտանգային հարցերի շուրջ։ «Սակայն ԱՄՆ-ը զիջումների չի գնա այն հարցում, որ երկրներն ազատ են ընտրելու՝ ինչ դաշինքների են ցանկանում անդամակցել»,- նշել է նա։

ՄԱԿՐՈՆՆ ՈՒ ԲԱՅԴԵՆԸ ԿԱՐԾԻՔՆԵՐ ԵՆ ՓՈԽԱՆԱԿԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՐՑՈՎ

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում մտքեր են փոխանակել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հետ վերջին շփումների մասին։

Նախագահներն իրենց աջակցությունն են հայտնել դիվանագիտական ճանապարհով առկա խնդիրները լուծելուն, սակայն նշել են՝ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման դեպքում խիստ միջոցներ կձեռնարկվեն։

Բայդենը ողջունել է Մինսկի համաձայնությունների կատարման ապահովմանն ուղղված Փարիզի և Բեռլինի ջանքերը։ Երկու երկրի առաջնորդները պայմանավորվել են շարունակել սերտ շփումները Ուկրաինայում ստեղծված իրավիճակը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար։

ՆԱՏՕ-Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՐՑԸ

Բրյուսելում փետրվարի 16-17-ը նախատեսված է ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների պլանային հանդիպումը։ Կողմերը քննարկելու են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև վերանայելու են ՆԱՏՕ-ի մյուս անդամ երկրների պաշտպանական բյուջեն ավելացնելու՝ ԱՄՆ-ի պահանջը։ 2014 թվականից ՆԱՏՕ-ի անդամ երկրները արդեն ավելացրել են իրենց ռազմական բյուջեն 270 միլիարդ դոլարով։

Նախարարները կհանդիպեն նաև Վրաստանի և Ուկրաինայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ։

ՌԴ ԽՈՇՈՐ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆ ԾՈՎՈՒՄ

Ռուսաստանը զորավարժություններ է սկսել Միջերկրական ծովի արևելյան հատվածում՝ ինքնաթիռների և ռազմածովային ուժերի ներգրավմամբ:

ՌԴ պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ զինվորականները մշակում և իրականացնում են հակառակորդի սուզանավերի հայտնաբերման, Միջերկրական ծովում նավարկության մշտադիտարկման և այլ խնդիրներ։

Սա ամենախոշոր զորավարժությունն է Միջերկրական ծովում, որը Ռուսաստանը անցկացրել է Սառը պատերազմի ավարտից հետո։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում