ՌԴ-Ն ԱՄՆ-ԻՑ ԵՎ ՆԱՏՕ-ԻՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
Աշխարհում լարվածության աճի ֆոնին ռազմավարական կայունություն ապահովելու համար անհրաժեշտ է լրացուցիչ ջանքեր գործադրել և առաջին հերթին՝ ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից Ռուսաստանի անվտանգության համապարփակ երաշխիքներ ստանալ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Միջազգային իրավունքի գերակայության և ՄԱԿ-ի՝ որպես համակարգող կառույցի դերակատարման ամրապնդման, ինչպես նաև արդար և կայուն բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման ուղղությամբ հետևողական աշխատանքները մնում են արդիական»,- ընդգծել է ՌԴ նախագահը։
ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՅՑԵԼԻ ՈՒԿՐԱԻՆԱ, ԱՊԱ՝ ՄՈՍԿՎԱ
ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն այս շաբաթ կայցելի Ուկրաինա, կհանդիպի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու, արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի և պաշտոնատար այլ անձանց հետ։ Կիևում Լեհաստանի դեսպանատան փոխանցմամբ՝ կողմերը քննարկելու են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և ԵԱՀԿ-ի աջակցությամբ ճգնաժամի դեէսկալացիայի ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։
Փետրվարի 11-ին Ռաուն կայցելի Ուկրաինայի արևելք, իսկ 15-ին՝ Մոսկվա։ Նախատեսվում է ԵԱՀԿ գործող նախագահի հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտել է, որ կողմերը կքննարկեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի դերը Ուկրաինայի արևելքում, Լեռնային Ղարաբաղում և Մերձդնեստրում ստեղծված իրավիճակի կարգավորման գործընթացում:
ԱՄՆ ՍԵՆԱՏԸ ՌԴ-Ի ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ ՄԻԱԿԱՐԾԻՔ ՉԷ
ԱՄՆ Սենատը համաձայնության չի գալիս Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինա ենթադրյալ ներխուժման դեպքում պատժամիջոցների մասին օրինագծի շուրջ։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ մի խումբ դեմոկրատներ՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի գլխավորությամբ Սենատին են ներկայացրել «Ուկրաինայի ինքնիշխանության պաշտպանության մասին» օրինագիծը, որով մի շարք պատժամիջոցներ են նախատեսվում ռուս բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։ Սահմանափակումները կարող են տարածվել նաև «Հյուսիսային հոսք 2» գազատարի վրա։ Օրինագծի ընդունման համար դեմոկրատներին անհրաժեշտ է հանրապետականների աջակցությունը։ Սակայն վերջիններս համաձայն չեն այն դրույթի հետ, որ պատժամիջոցները կարող են կիրառվել միայն Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժելու դեպքում։ Նրանք պնդում են, որ ԱՄՆ-ը պետք է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկի։ ԱՄՆ վարչակազմի կարծիքով, սակայն, դրանք կարող են ավելի սրացնել Ուկրաինայի շուրջ իրավիճակը։
ՄԱԿՐՈՆ-ՊՈՒՏԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԴՐԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԸ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երկխոսությունից հետո առաջընթաց է գրանցվել Ուկրաինայում իրավիճակի էսկալացիան չշարունակելու հարցում, հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Կլեման Բոնը։
Նա ընդգծել է, որ երկխոսությունը շարունակվելու է նաև նորմանդական ձևաչափի երկրների ղեկավարների քաղաքական խորհրդականների հանդիպման շրջանակում։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույցի ընթացքում նույնպես անդրադարձել են վերջինիս՝ Մոսկվա և Կիև այցերին, հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սակին։ «Երկու երկրի ղեկավարները քննարկել են հարցի լուծմանն ուղղված դիվանագիտական ջանքերի իրականացումը», - ընդգծել է նա։











