Ուկրաինայում պատերազմը խելագարություն կլինի. Ֆրանցիսկոս Պապ

ՄՄերի Ներսիսյան

ԱԼԻԵՎԸ ԶԼՄ-ՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՈՐ ՕՐԵՆՔ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին ստորագրել է մեդիադաշտին առնչվող աղմկահարույց նոր օրենքը, որը, ըստ տարբեր փորձագետների, միտված է բարդացնելու լրագրողների կյանքը։ BBC-ի ռուսական ծառայությունն անդրադառնալով թեմային՝ գրում է, որ լրատվամիջոցների մասին նոր օրենքի համաձայն՝ Ադրբեջանում կներդրվի զանգվածային լրատվության միջոցների միասնական ռեգիստր։ Լրագրողները պարտավոր են գրանցվել միասնական համակարգում, նշել իրենց տվյալները, և լրագրողներն ու լրատվամիջոցները չեն կարող ֆինանսավորում ստանալ արտերկրից: Օրենքի նախագիծն ավելի քան 7 ամիս թաքցվել է հանրությունից։ Այն ենթադրում է, որ բարձրագույն կրթություն չունեցողները, անաշխատունակները, նախկինում ծանր հանցագործություններ կատարած անձինք չեն կարող գրանցվել համակարգում, հիմնել լրատվամիջոց: Կուսակցությունները կարող են ստեղծել միայն տպագիր մամուլ։ Նոր օրենքն արժանացել է մի շարք միջազգային կազմակերպությունների քննադատությանը: Ադրբեջանի լրագրողական համայնքը նույնպես արդեն անհանգստության ահազանգ է հնչեցրել:

ՍԱԱԿԱՇՎԻԼԻԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԺԱՄԱՆԱԿ

Թբիլիսիում կայացած դատական նիստի ժամանակ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ինքն է ստիպել Լուկաշենկոյին չճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: «Ես Լոնդոնում չորս գաղտնի հանդիպում եմ ունեցել Լուկաշենկոյի հետ։ Դա գաղտնի դիվանագիտություն էր։ Այն, որ Լուկաշենկոն դեռ չի ճանաչել Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը, Լոնդոն կատարած իմ այցերի արդյունքն է»,- ասել է Սաակաշվիլին։ Բացի այդ, դատական նիստի ժամանակ ամբաստանյալը խլել է Ուկրաինայի դրոշը և երգել այդ երկրի օրհներգը։ Երաժշտությանը միացել է նրա փաստաբանը: Վրաստանի նախկին նախագահն անհիմն է համարում պետական միջոցների յուրացման համար իրեն ներկայացված մեղադրանքները։

ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԱՎՍՏՐԱԼԻԱՅՈՒՄ Է

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Մելբուռնում է՝ մասնակցելու ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Հնդկաստանի և Ավստրալիայի ԱԳ նախարարների հանդիպմանը: Հանդիպման հիմնական թեմաներն են՝ կլիմայի փոփոխությանն առնչվող քաղաքականությունը, Հարավասիական տարածաշրջանում քովիդի դեմ պատվաստումների ապահովումը։ Ավստրալիայից Բլինքենը մեկնելու է Ֆիջի։ Վերջին չորս տասնամյակի ընթացքում սա կլինի ԱՄՆ պետքարտուղարի առաջին այցը Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում գտնվող այդ երկիր։

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԵԿՆԵԼ Է ՄՈՍԿՎԱ

Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Լիզ Թրասը մեկնել է Մոսկվա՝ բանակցությունների նպատակով: Վերջին չորս տարվա ընթացքում սա բրիտանական արտաքին քաղաքականության պատասխանատուի առաջին այցն է Ռուսաստան: Բրիտանիայի արտգործնախարարության հաղորդագրության մեջ նշված է, որ Լիզ Թրասը մեկնել է Ռուսաստան՝ Մոսկվային դէսկալացիայի կոչ անելու նպատակով:

ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԽԵԼԱԳԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ. ՀՌՈՄԻ ՊԱՊ

Ուկրաինայում պատերազմը «խելագարություն» կլինի` նշել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը՝ Վատիկանում հավատացյալների հետ հանդիպման ժամանակ: Պոնտիֆիկոսը հույս է հայտնել, որ Կիևի և Մոսկվայի միջև լարվածությունը կհաղթահարվի բազմակողմ երկխոսության միջոցով, մասնավորապես՝ «նորմանդական ձևաչափի» շնորհիվ։ Ֆրանցիսկոսը Պապը նաև շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր մասնակցել են հունվարի 26-ին Ուկրաինայում խաղաղության համար միջազգային աղոթքին:

ԻՍՐԱՅԵԼԻ ԶԻՆՈՒԺԸ ՀԱՐՎԱԾՆԵՐ Է ՀԱՍՑՐԵԼ ՍԻՐԻԱՅԻՆ

Իսրայելական զինուժը հարվածել է Սիրիայում տեղակայված տեղորոշիչ կայաններին և հակաօդային կայանքներին՝ ի պատասխան Իսրայելի ուղղությամբ զենիթահրթիռային արձակման: Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից նշել են, որ չորեքշաբթի գիշերը «Սիրիայի տարածքից զենիթային հրթիռ է արձակվել, որը պայթել է Իսրայելի օդային տարածքում»։ Արդյունքում, ըստ զինվորականների, «օդային ռմբակոծման ազդանշաններ են հնչել Ում ալ Ֆահմ քաղաքում և Արևմտյան ափի հյուսիսում»: Սիրիական SANA լրատվական գործակալությունն էլ հայտնել է, որ մեկ սիրիացի զինվոր է զոհվել, ևս 5-ը վիրավորվել են Դամասկոսի ուղղությամբ իսրայելական օդային հարվածների հետևանքով: Հարձակմանն ի պատասխան՝ սիրիական ՀՕՊ համակարգերը կրակ են բացել մայրաքաղաքի վրա ուղղված օդային թիրախների ուղղությամբ։
 

ՌԴ ԶՈՒ-Ն ԽՈՇՈՐ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԱՆՑԿԱՑՆՈՒՄ

Ռուսական բանակը խոշոր զորավարժություններ է անցկացնում Հարավային ռազմական շրջանում և Բելառուսում, ինչպես նաև պատրաստվում է զորավարժություններ սկսել Միջերկրական և Սև ծովերում։ Այս ամենը տեղի է ունենում Ուկրաինայի և արևմտյան երկրների հետ հարաբերություններում ճգնաժամի ֆոնին: Ռուսաստանի հարավում զորավարժություններ են անցկացվում Ռուսաստանի ութ շրջանի 15 զորավարժարանում, ինչպես նաև Աբխազիայում և Հարավային Օսիայում։ Ծովային հետևակի զորավարժություններ են տեղի ունենում Ղրիմում: Բելառուսում էլ շարունակվում են «Դաշնակցային վճռականություն-2022» լայնածավալ զորավարժությունները։ Առայժմ դրանք զորքերի տեղակայման փուլում են, փետրվարի 10-ին կսկսվի ակտիվ փուլը։ Բացի այդ, հունվարի 20-ից մի շարք խոշոր զորավարժություններ են իրականացվում Ռուսաստանի ռազմածովային ուժերի չորս նավատորմում: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ դրանց մասնակցում են 140 նավ, ինչպես նաև ավելի քան 10 հազար զինվորական։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում