Հայաստանն անկեղծորեն ձգտում է տարածաշրջանային խաղաղության. ՀՀ ԱԳ նախարար
Որքան էլ միջազգային հանրությունը խրախուսի կողմերին՝ համաձայնության գալ տարբեր հարցերում, այնուամենայնիվ, կարևոր է, որ կողմերն ունենան այդ քաղաքական կամքը. խոսելով տարածաշրջանային զարգացումների մասին հայտարարում է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
ԿՈՂՄԵՐԸ ՊԵՏՔ Է ՑԱՆԿԱՆԱՆ ԸՆԴՈՒՆԵԼ ՄԵՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ. ՇԱԼԵՆԲԵՐԳ
Թեև 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված չէր, սակայն Հայաստանը Ադրբեջանին փոխանցել է ականապատ տարածքների քարտեզները, որպես բարի կամքի դրսևորում, նկատում է Արարատ Միրզոյանը: Մինչդեռ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել գերիներին և պատանդ պահվող քաղաքացիական անձանց: Բաքուն նաև արգելափակում է միջազգային հումանիտար կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ, այդ թվում «Կարմիր խաչի» միջազգային կազմակերպության գործունեությունը:
Եվրամիությունը պատրաստ է աջակցել՝ նշում է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարարը և հավելում՝ անհրաժեշտ է, որ կողմերն իրենք քայլեր ձեռնարկեն: Նա նաև ընդգծում է, գործընթացը պետք է դիտարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:
Ալեքսանդր Շալենբերգ (Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար) - Ինչ էլ որ լինի, գործընթացը պետք է ուղղորդել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափ: Միջազգային հանրությանը պետք է, որպեսզի հայերը և ադրբեջանցիները այդ ուղղությամբ առաջ ընթանալու կամք դրսևորեն։ Գիտենք, որ վերքը դեռևս բաց է: Մենք պատրաստակամ ենք օգնելու, բայց դուք պետք է ցանկանաք ընդունել մեր օգնությունը։ Տեսնում եմ ճիշտ քայլերի դիմելու պատրաստակամություն, դրա համար քաջություն է պահանջվում:
ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ այն միջազգային ձևաչափն է, որը լիազորված է կարգավորել Արցախյան հակամարտությունը: Եվ այդ ճանապարհը նաև ենթադրում է խաղաղության պայմանագրի կնքում, հայտարարում է Արարատ Միրզոյանը:
Արարատ Միրզոյան (ՀՀ ԱԳ նախարար) - Չափազանց էական է հիշել այն սկզբունքները, որոնք այս խումբը մշակել է, և այդ սկզբունքներից մեկը՝ հենց:
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԱՌԱՆՑ ՆԱԽԱՊԱՅՄԱՆԻ
Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի են ունենում կարևոր գործընթացներ: Ավստրիան խրախուսում է դրանք: Վերջին մեկ տարում տրամադրությունը տարածաշրջանում փոխվել է, հայտարարում է Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարարը:
Ալեքսանդր Շալենբերգ - Ես համարում եմ , որ կա հեռանկար: Մենք պետք է աշխատենք թուլացնել լարվածությունը, սերմանել վստահություն տարածաշրջանում: Քայլեր են արվում հարևան Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Դա մեծ քայլ կլինի Հայաստանի ժողովրդի և տարածաշրջանի համար:
Հայ-թուրքական հարաբերություններին անդրադառնալով՝ Միրզոյանը նշում է՝ Հայաստանի ԱԳՆ-ն դեռ չունի վերջնական որոշում թուրքական կողմի հրավերն ընդունելու և Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու վերաբերյալ:
Արարատ Միրզոյան - Հարցը քննարկվում է: Ս ա, կարևոր է ընդգծել, երկկողմ հարց չի: Սա միջազգային դիվանագիտական իարդարձություն է, կարող է որոշել մասնակցել, դա կարող է դրական երանգներ հաղորդելուց բացի այլ բան չունի:
Թուրքիայի հարցում Հայաստանի պետական քաղաքականության մեջ անկախությունից ի վեր փոփոխություններ չի եղել: Պաշտոնական Երևանը միշտ կողմ է եղել կարգավորել հարաբերություններն առանց նախապայմանների. ընդգծում է ԱԳ նախարարը:
ՀՀ-Ն ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԱՎՍՏՐԻԱՅԻ ԵՎ ԵՄ-Ի ՀԱՄԱՐ
Ինչ վերաբերում է հայ-ավստրիական հարաբերություններին, ապա վերջին մեկ տարում Ավստրիայի արտաքին գերատեսչության ղեկավարը երկրորդ անգամ է Երևանում: Ըստ Շալենբերգի՝ սա ցույց է տալիս Հայաստանի կարևորությունը Եվրամիության և Ավստրիայի համար:
Մինչև համատեղ ասուլիսը Միրզոյանը և Շալենբերգը առանձնազրույց, ապա նաև ընդլայնված կազմով հանդիում են ունեցել: Քննարկել են հայ-ավստրիական հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային զարգացումները։
Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարարի հետ Հայաստան է ժամանել նաև 20 գործարարից կազմված պատվիրակություն: Նրանք պետք է քննարկեն Հայաստանում ներդրումների հնարավորությունը:
Նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ Ալեքսանդր Շալենբերգը նաև այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել:













