«ՀՀ-ն ևս բախվել է տարածաշրջանում օտարերկրյա ահաբեկիչների ի հայտ գալուն». Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստին

ԱԱնուշ Մուրադյան

ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի առցանց նիստը սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Ղազախստանում բախումների ժամանակ զոհվածների: Կենտրոնական Ասիայի ամենամեծ պետությունում այսօր սգո օր է: Երբ հեղուկ գազի թանկացման դեմ ցույցները վերաճեցին ռազմական բախումների, Ղազախստանն օգնության խնդրանքով դիմեց ՀԱՊԿ-ին: Ռազմական դաշինքը նախագահող Հայաստանի վարչապետն այսօր հիշեցրեց՝ ՀԱՊԿ խաղաղապահերին Ղազախստան ուղարկելու որոշումը կայացվեց անդամ երկների ղեկավարների հետ, խորհրդակցությունների ընթացքում՝ հաշվի առնելով այդ երկրում ստեղծված իրավիճակն ու հետագայում էսկալացիայի վտանգը:

ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԸ՝ ՀԱՊԿ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

Մտագոհիչ համարելով միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ներգրավվածության մասին լուրերը՝ Նիկոլ Փաշինյանը ցավով փաստեց՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածության տեսանելի նվազում չի նկատվում, և մենք շարունակում ենք բախվել նոր տեսակի սպառնալիքների:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Ոչ վաղ անցյալում մենք ինքներս բախվել ենք մեր տարածաշրջանում օտարերկրյա ահաբեկիչների ի հայտ գալուն։ Հուսով ենք, որ ՀԱՊԿ-ի շրջանակում բարեկամ Ղազախստանին օգնելուն ուղղված ջանքերը կօգնեն հնարավորինս սեղմ ժամկետներում վերականգնել երկրի բնականոն կյանքը։ Հարկ է ընդգծել, որ մեր նախագահության առանցքային առաջնահերթություններից է Կազմակերպության՝ ճգնաժամային արձագանքման մեխանիզմների ամրապնդումը։ Ելնելով դրանից՝ մենք ակնկալում ենք, որ ՀԱՊԿ անդամ երկրները համատեղ ջանքեր կգործադրեն այդ մեխանիզմների հետագա կատարելագործման համար, ինչը, անկասկած, կծառայի ինչպես անդամ պետությունների միջև փոխգործակցության հետագա զարգացմանը, այնպես էլ Կազմակերպության համապատասխան կառույցների ու մեխանիզմների ամրապնդմանը։

Նման ճգնաժամի ու իրական վտանգի չէր բախվել ո՛չ Ղազախստանը, ո՛չ էլ ՀԱՊԿ-ը՝ իր խոսքում արդեն նշեց նախագահ Տոկաևը: Ղազախստանի ղեկավարը շնորհակալություն հայտնեց կազմակերպությունը նախագահող Հայաստանի վարչապետին, նաև մյուս անդամ պետությունների ղեկավարներին՝ ռազմական ու բարոյական աջակցության համար, նկատեց՝ փաստացի սա առաջին դեպքն է, երբ ՀԱՊԿ խաղաղապահ կոնտինգենտը իրականում գործարկվեց՝ ապահովելու անդամ երկրներից մեկի անվտանգությունը, կայունությունն ու ամբողջականությունը: Ղազախստանի ղեկավարն առաջարկեց բարձրացնել ճգնաժամային իրավիճակներում ՀԱՊԿ-ի արձագանքման օպերատիվությունը:

Կասիմ Ժոմարտ Տոկաև (Ղազախստանի նախագահ) - Տեղի ունեցած իրադարձությունները բեկումնային դարձան կազմակերպության զարգացման հարցում, որը նոր որակ ստացավ որպես միջազգային ուժեղ ինստիտուտ: Այն վտանգները որոնց բախվել է Ղազախստանը, ընդհանուր են ՀԱՊԿ ամբողջ տարածքի համար, այնպես որ մեզ համար կարևոր է հետագայում ևս ամրապնդել ՀԱՊԿ հզոր ներուժը, և Ղազախստանն իր ներդրումը կունենա այդ գործում: Հնարավոր առաջարկություններից մեկը կարող է դառնալ ճգնաժամային իրավիճակներին արձագանքման ժամկետների օպտիմալացումը: Մենք պետք է բարձրացնենք օպերատիվությունը Հավաքական անվտանգության խորհրդի և այլ մարմինների կողմից հաստատված որոշումների մշակման և ընդունման հարցերում:

Խոսելով տեղի ունեցածից՝ Տոկաևը պնդեց՝ այդ իրադարձությունները վաղուց են նախապատրաստվել, իսկ թե որքան երկար՝ կպարզի քննությունը: Ղազախստանի ղեկավարի խոսքով՝ թեժ գործողությունների ժամանակ ասպարեզ են մտել զինված գրոհայիններ, որոնց գլխավոր նպատակը սահմանադրական կարգի տապալումը, կառավարման ինստիտուտների փլուզումն ու իշխանության զավթումն էր։ ՀԱՊԿ-ի օգնությունը գնահատելով ճիշտ ժամանակին՝ Ղազախստանի նախագահը նկատեց՝ ռազմական օդանավերի ժամանման մասին լսելով՝ գրոհայինները հրաժարվեցին նախագահական նստավայրը գրավելու մտքից:

Կասիմ Ժոմարտ Տոկաև - Խոսքը պետական հեղաշրջման փորձի մասին էր, և հիմա ակնհայտ է, որ այդ բոլոր ռազմական գործողությունները համակարգվում էին մեկ կենտրոնից: Ահաբեկիչների հիմնական հարվածն ուղղված էր Ալմաթիի դեմ, քաղաքի անկումը ճանապարհ կբացեր դեպի հարավ, իսկ հետո կհանգեցներ ամբողջ Ղազախստանի գրավմանը: ՀԱՊԿ խաղաղապահ ուժերն այսօր իրականացնում են օդանավակայանների, ռազմական բազաների ու մյուս ռազավարական օբյեկտների անվտանգության պահպանությունը: Ուզում եմ ընդգծել, որ ՀԱՊԿ-ը ցույց տվեց իր պահանջվածությունը և արդյունավետությունը որպես հեղինակավոր ռազմաքաղաքական կազմակերպություն: Սա մեր երկրներում անվտանգության ու կայունության ապահովման համար իրական աշխատող մեխանիզմ է:

Տոկաևը նշեց՝ լայնամաշտաբ հակաահաբեկչական օպերացիան առաջիկայում կավարտվի, և դրա հետ կավարտվի նաև ՀԱՊԿ խաղաղապահների հաջողված ու արդյունավետ առաքելությունը: Երեքշաբթի Ղազախստան կմեկնի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Արտահերթ առցանց նիստին մասնակցող Ստանիսլավ Զասի խոսքով՝ այս առաջին փորձից հետո մանրամասն կվերլուծեն, եզրակացություններ կանեն, դասեր կքաղեն, բայց փաստ է, որ կազմակերպությունը կարող է կատարել իր առջև դրված խնդիրները: Դաշնության նախագահն էլ ընդգծեց՝ ՀԱՊԿ-ն գործնականում ցույց տվեց իր ներուժը, օպերատիվ գործելու ունակությունը:

Վլադիմիր Պուտին (Ռուսաստանի Դաշնության նախագահ) - Դաշնակիցներից յուրաքանչյուրն իր ներդրումն է ունեցել ՀԱՊԿ -ի ռազմական խմբավորման կազմում առաջադրված խնդիրների կատարման գործում: Դա վկայում է այն մասին, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում անցկացվող երկարամյա քրտնաջան աշխատանքը մասնակից պետությունների անվտանգության ամբողջական համակարգի ձևավորման ուղղությամբ արդյունք է տալիս: Շատ կարևոր է , որ ՀԱՊԿ-ի զինվորականները ուսուցում են անցնում ընդհանուր ծրագրերով, ունեն համատեղ սպառազինություն, տեխնիկա և կապ:

ՀԱՊԿ ուժերը Ղազախստանում կմնան այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, և իրենց գործառույթները կատարելուց հետո զորախումբը դուրս կբերվի երկրից՝ ընդգծեց դաշնության նախագահը: Տեղի ունեցածից պետք է դասեր քաղել, հատկապես Ղազախստանի հարևանների՝ Ղրղզստանի ու Ուզբեկստանի ուշադրությունը հարցին հրավիրեց Բելառուսի նախագահը: Վտանգը տեսնելով ամբողջ հետխորհրդային տարածքում, Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց՝ չի կարելի թույլ տալ, որ տեղեկատվական դաշտում ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի տեղակայումը Ղազախստանում ներկայացվի որպես օկուպացիա:

Ալեքսանդր Լուկաշենկո (Բելառուսի հանրապետության նախագահ) - Մենք տեսնում ենք, որ նման փորձեր արդեն ձեռնարկվել են. մենք օկուպանտ չենք, մենք սեփական ցանկությամբ չենք եկել այնտեղ։ Մեզ հրավիրել է մեր եղբայրը, մեր ընկերը, որը պատասխանատու է այդ հսկայական երկրի համար:

ՀԱՊԿ մեխանիզմները զարգացնելու կարևորությունն ու ահաբեկչության դեմ պայքարելու խնդիրը իրենց ելույթներում ընդգծեցին նաև Տաջիկստանի ղեկավարն ու Ղրղզստանի ներկայացուցիչը: Նիստը եզրափակեց 2021-ի սեպտեմբերից ՀԱՊԿ-ը նախագահող Հայաստանի վարչապետը: նա ընդգծեց՝ ռազմական դաշինքի գործողությունները նպատակաուղղված են իրավիճակի հնարավորինս շուտ կայունացմանը և Ղազախստանում բնականոն կյանքը վերադարձնելուն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում