Քասախի նախկին համայնքապետի կալանքը երկարացվել է. քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս 8 անձի

ԱԱլիս Մելիքսեթյան

Քասախ համայնքի նախկին ղեկավարի կողմից ենթադրյալ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում ևս 8 անձի մեղադրանք է առաջադրվել, պարզվել է չարաշահումների կատարման մեխանիզմը:

Նախաքննական մարմինը պարզել է, որ Արա Մկրտչյանը, 25 տարի զբաղեցնելով համայնքի ղեկավարի պաշտոնը, պաշտոնեական կեղծիքներ կատարելով՝ օտարել է փաստացի գերեզմանոցներով ծանրաբեռնված հողատարածքը, որը համարվում էր պատմական և մշակութային տարածք:

Մասնավորապես 2003թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում համայնքում գտնվող գերեզմանատներով ծանրաբեռնված 11,6 հա հողատարածքը վարձակալությամբ տրամադրելու և օտարելու նպատակով հաստատել ու շրջանառության մեջ է դրել համապատասխան տեղեկանք, որտեղ որևէ տեղեկություն չի ամրագրել հողատարածքում գերեզմանատան առկայության կամ հողատարածքը գերեզմաններով ծանրաբեռնված լինելու մասին: Այն ներկայացվել է որպես գյուղատնտեսական նշանակության 5-րդ կարգի արոտավայր:

Այնուհետև հողատարածքը վարձակալած անձի հետ կնքել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, և այն 783 000 դրամով օտարել վերջինիս: Գործի մյուս դրվագներն էլ 2012թ. կատարված ենթադրյալ հանցագործությունների մասին են:

Մասնավորապես, Մկրտչյանը, տեղեկանալով Երևանի բնակչի կողմից Քասախում հողատարածք ձեռք բերելու մտադրության մասին, առաջարկել է 3.600.000 դրամով գնել համայնքին պատկանող 800 քառակուսի մետր մակերեսով հողատարածքն այն դեպքում, երբ այն արդեն 1.993.048 դրամով դրված էր աճուրդի։

Ստանալով քաղաքացու համաձայնությունը՝ Մկրտչյանը կազմակերպել է կեղծ աճուրդ, հողատարածքն օտարել իրեն դիմած քաղաքացուն: Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ նմանատիպ կեղծ աճուրդների և հողատարածքների օտարումների մասին այլ փաստական տվյալներ ևս ձեռք են բերվել: Այդ ամենի արդյունքում նախնական տվյալներով՝ պետությանը պատճառվել է՝ 41 միլիոն 75 հազար դրամի վնաս:

Ըստ այդմ՝ մեղադրանք է առաջադրվել համայնքի ավագանու անդամներից երեքին, համայնքապետարանի գլխավոր հաշվապահին, գլխավոր մասնագետին, աշխատակազմի քարտուղարին և երկու առաջատար մասնագետի:

Բացի այդ, Քասախ համայնքի նախկին ղեկավարին ավելի վաղ առաջադրված մեղադրանքը փոփոխվել և լրացվել է։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը ևս 2 ամսով երկարացվել է։ Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ 25 տարի համայնքը ղեկավարած Մկրտչյանը, որ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրն է, կալանքի տակ է անցած տարվա նոյեմբերից։

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում