Անկարան կողմ է Հայաստանի հետ ուղիղ շփումներին՝ առանց միջնորդների. Չավուշօղլու

ԴԴիանա Գասպարյան

ԹՈՒՐՔԻԱՆ ԿՈՂՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՈՒՂԻՂ ՇՓՈՒՄՆԵՐԻՆ. ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ

Տարեկան ամփոփիչ ասուլիս է անցկացրել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Նա անդրադարձել է Հայաստանի հետ երկխոսությանը՝ նշելով, որ Անկարան կողմ է Հայաստանի հետ ուղիղ շփումներին՝ առանց միջնորդների: «Հուսով եմ՝ երկու երկրների հատուկ ներկայացուցիչները կկազմեն երկխոսության ճանապարհային քարտեզ, որն օգտակար կլինի հետագա շփումների հաստատման համար»,- նշել է նա: Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա սահմանի բացման խնդրին՝ Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է, որ օրակարգում նման հարցի առկայության դեպքում Անկարան կքննարկի այն Բաքվի հետ։
 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՀԱՐՑԻՆ

Մոտ ապագայում Ադրբեջանը Հայաստանի դեմ մի քանի հայց կներկայացնի արբիտրաժային դատարաններ՝ միջազգային կոնվենցիաների խախտման, մասնավորապես՝ շրջակա միջավայրին հասցրած վնասների և բնական ռեսուրսների ապօրինի շահագործման մեղադրանքով։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը 2021 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսին։

Նա անդրադարձել է նաև սահմանների սահմանազատման հարցին՝ ընդգծելով, որ ադրբեջանական կողմն արդեն տվել է իր համաձայնությունը, և հույս հայտնել, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովը կձևավորվի առաջիկա ամիսներին:

Խոսելով «3+3» տարածաշրջանային ձևաչափի մասին՝ Բայրամովը դրական է գնահատել Մոսկվայում կայացած փոխարտգործնախարարների հանդիպումը․ «Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա հանդիպումները ռոտացիոն կարգով անցկացնել մասնակից երկրներում»,- նշել է նա:
 

«3+3» ՀԱՐԹԱԿԸ՝ ՉՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎԱԾ ՁԵՎԱՉԱՓ. ՌԴ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ

«3+3» տարածաշրջանային խորհրդակցական պլատֆորմը ստեղծվել և արդեն գործում է որպես օգտակար, չքաղաքականացված ձևաչափ, որն ուղղված է Հարավային Կովկասի և հարևան երկրների մերձեցմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։


«Մեր համատեղ աշխատանքում շեշտը դնում ենք այն հարցերի վրա, որոնք ընդհանուր հետաքրքրություն են ներկայացնում և ամրապնդում են վստահությունը»,- նշել է ՌԴ փոխարտգործնախարարը՝ հավելելով, որ դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած առաջին նիստը ցույց տվեց, որ մասնակիցները շահագրգռված են գործնական փոխգործակցություն հաստատելու հարցում: Անդրադառնալով ձևաչափին Վրաստանի ներգրավվածությանը՝ Ռուդենկոն նշել է, որ չնայած Թբիլիսին իր ներկայացուցիչներին չէր ուղարկել առաջին հանդիպմանը, բոլոր մասնակիցները համակարծիք են, որ «դուռն» այդ երկրի համար բաց մնա։


ԵՄ-Ն ՉԻ ԿԱՏԱՐՈՒՄ ԱՆԿԱՐԱՅԻՆ ՏՎԱԾ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ. ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ

ԵՄ-ն խուսափում է վիզային ռեժիմի դյուրացման և Մաքսային միության թարմացման հարցերով Թուրքիայի հետ երկխոսությունից, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն չի կատարում Անկարային տված խոստումները, թեև Թուրքիան Բրյուսելի կողմից առաջ քաշված պահանջների մեծ մասն արդեն կատարել է։ «Եվրամիությունը պարզապես ժամանակ է ձգձգում՝ խնդրի լուծման հնարավորությունը հետաձգելու համար»,- հավելել է Չավուշօղլուն։
 

ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԲՈՒՀԵՐԸ ՓԱԿ ԵՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Աֆղանստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները մնում են փակ տնտեսական ճգնաժամի պատճառով։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բուհերի բացման համար շատ ժամանակ կպահանջվի:

«Առկա են համալսարանների ֆինանսավորման, աղջիկների համար հատուկ լսարանների և համապատասխան դասախոսական կազմի ապահովման հարցեր»,- հայտարարել է Աֆղանստանի բարձրագույն կրթության նախարարի պաշտոնակատար Աբդուլ Բաքի Հաքանին։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ Աֆղանստանում կրթական գործընթացը կկազմակերպվի գենդերային հատկանիշով. ուսանողներին կուսուցանեն տղամարդ դասախոսները, իսկ ուսանողուհիներին՝ կին դասախոսները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում