ՌԴ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԼՂ ՀԱՐՑԸ
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Վերշինինը և Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Սեդաթ Օնալը քննարկել են Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում ստեղծված իրավիճակը։ «Տեղի է ունեցել մտքերի լայնածավալ փոխանակում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգի արդի հարցերի շուրջ։ Քննարկման առանցքային թեման է եղել տարածաշրջանային խնդիրների կարգավորման հարցը», - փոխանցում է ՌԴ ԱԳՆ-ն։
ԻՏԱԼԱՑԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՃՆՇԵԼՈՒ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ
Իտալացի 26 խորհրդարանական երկրի վարչապետ Մարիո Դրագիի կառավարությանը կոչ է արել հայ ռազմագերիներին և այլ քաղաքացիական անձանց ազատ արձակելու համար ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։ «Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ տարի անց իրավիճակը մնում է լարված․ այսօր էլ Ադրբեջանի բանտերում անօրինական կերպով պահվում են մեծաքանակ հայ ռազմագերիներ», - հայտարարել են խորհրդարանականները։ Բացի այդ նշվում է, որ Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում վտանգված է հայկական քրիստոնեական պատմամշակութային ժառանգությունը։ Իտալացի խորհրդարանականները նաև ընդգծում են՝ Ադրբեջանը՝ Թուրքիայի բացահայտ օժանդակությամբ, Հայաստանի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքում ուժի կիրառմամբ սպառնում է այսպես կոչված «միջանցք» ստեղծել: Իտալացի պաշտոնյաները Կառավարությանը կոչ են արել Արևելյան Գործընկերության շրջանակում Եվրամիություն-Ադրբեջան հարաբերություններում որպես նախապայման առաջադրել ռազմագերիների և պահվող այլ անձանց ազատ արձակումը, ռազմատենչ հռետորաբանության դադարեցումը, ինչպես նաև խաղաղ բանակցությունների ճանապարհով առկա խնդիրների կարգավորումը, ինչը կնպաստի տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատմանը:
ԲԱՅԴԵՆՆ ԱՌԿԱԽԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը առկախել է Ուկրաինային 200 մլն դոլարի ռազմական օգնության փաթեթի տրամադրումը։ Ակնկալվում էր, որ որոշման մասին պաշտոնապես կհայտարարվի նախորդ շաբաթ, սակայն Սպիտակ տունը որոշել է ավելի շատ ժամանակ տալ կողմերին՝ դիվանագիտական ճանապարհով թուլացնելու լարվածությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև սահմանին։
Դեռևս պարզ չէ, թե ինչ է նախատեսված ռազմական օգնության փաթեթով։ Աղբյուրների փոխանցմամբ՝ Ամերիկային ուղղված Ուկրաինայի հայցը ներառել է հակաօդային պաշտպանության համակարգեր, հականավային հրթիռներ, Javelin հակատանկային հրթիռներ, արդիականացված հրետանային զինամթերք, բժշկական պարագաներ:
ՊՏՏԱՀՈՂՄ ԱՐԿԱՆԶԱՍ ՆԱՀԱՆԳՈՒՄ. ԶՈՀՎԵԼ Է ԵՐԿՈՒ ՄԱՐԴ
Արկանզաս նահանգի քաղաքներից մեկում պտտահողմի հետևանքով զոհվել է երկու մարդ, հինգը ստացել է ծանր վիրավորումներ։ Ծերանոցի շենքի փլատակի տակ հայտնվել առնվազն 20 մարդ։ Մեկ այլ բնակավայրում էլ տորնադոյի հետևանքով պահեստի շենքի փլուզման պատճառով աշխատակիցները հայտնվել են թակարդում: Դեպքի վայրում աշխատել են շտապօգնության ծառայություններ։ Ավելի վաղ ամերիկացի օդերևութաբանները զգուշացրել էին Արկանզաս, Կենտուկի և Իլինոյս նահանգների մի քանի շրջաններում տորնադոյի վտանգի մասին։











