Թուրքիայում հակահայկական տրամադրությունները սրվել են. ԱՄՆ պետքարտուղարության զեկույց

ԴԴիանա Գասպարյան

Թուրքիայում կրոնական ազատության հետ կապված վատ իրավիճակը 2021 թվականին պահպանվել է․ իսկ թուրքական կառավարությունն իր գործողություններով, կանխամտածված անգործությամբ և հռետորաբանությամբ սրում է թշնամությունը կրոնական փոքրամասնությունների շուրջ՝ ասված է Թուրքիայում կրոնական ազատության մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցում: Նշված է, որ․ «Թուրքիայի կառավարությունը ոչ բավարար ջանքեր է գործադրել տարիներ շարունակ գոյություն ունեցող կրոնական ազատության հետ կապված խնդիրները լուծելու ուղղությամբ»:

Ըստ ԱՄՆ պետքարտուղարության զեկույցի՝ Թուրքիայում հայկական կրոնական ժառանգության օբյեկտները, ինչպես և նախկինում, վտանգված են։

«2021 թվականի սկզբին Քյութահյայի Սուրբ Թորոս եկեղեցին, դառնալով անհայտ անձի սեփականություն, քանդվեց՝ չնայած եկեղեցին ուներ պահպանվող կառույցի կարգավիճակ։ Օգոստոսին բուլդոզերներով ավերել են նաև Վանի հայկական գերեզմանոցը»:

2021 թվականի մարտին ընդդիմադիր Ժողովրդական դեմոկրատական կուսակցությունից խորհրդարան ընտրված հայազգի պատգամավոր Կարո Փայլանը հարցապնդում է ուղարկել կառավարություն՝ չի արգելվել պետական բանկի կառուցումը Անկարայի կենտրոնում գտնվող հայկական և կաթոլիկ գերեզմանոցների տարածքում։

Զեկույցում անդրադարձ կա նաև Թուրքիայում տիրող ներկա տրամադրություններին:

«Կորոնավիրուսի համավարակը և Լեռնային Ղարաբաղում 2020 թ. հակամարտությունը նպաստել են հակահայկական տրամադրությունների սրմանը և հակահայկական ցույցերի անցկացմանը»:

ԱՄՆ-ՈՒՄ ԿԻՋԵՑՆԵՆ ԴՐՈՇՆԵՐԸ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ ՄԱՀԱՑԱԾ ԳՈՐԾՉԻ

98 տարեկանում մահացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան, ԱՄՆ հանրապետական քաղաքական գործիչ Ռոբերտ Դոուլը: Նա իր ամբողջ կարիերայի ընթացքում եղել է ԱՄՆ-ում հայկական շահերն առաջ տանող ամերիկացի ամենաակտիվ պետական գործիչներից մեկը։ Նա առաջիններից էր, որ պայքար սկսեց ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։ 1989 թվականի սկզբին՝ Սպիտակի երկրաշարժից մի քանի շաբաթ անց, Դոուլն այցելել է Հայաստան՝ ԱՄՆ կողմից հերթական մարդասիրական օգնությունը բերելով աղետից տուժածներին։

2019 թվականին Հանրապետական կուսակցության նախկին սենատոր, հայկական շահերի հայտնի ջատագով և լոբբիստ Ռոբերտ Ջոզեֆ Դոուլը պարգևատրվել է Հայաստանի Պատվո շքանշանով:

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կարգադրել Է իջեցնել դրոշները երկրի կառավարական շենքերի վրա՝ ի հիշատակ Բոբ Դոուլի:

ՔԼՈՒՆԻՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՎԱԶԴԻՑ

Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին The Guardian-ին տված հարցազրույցում պատմել է, որ ժամանակին հրաժարվել է թուրքական ավիաընկերության գովազդի համար հսկայական հոնորարից։

«Մի անգամ ինձ 35 մլն դոլար առաջարկեցին ավիաընկերության գովազդում նկարահանումների մեկ օրվա համար, ես քննարկեցի դա կնոջս՝ Ամալի հետ, և մենք որոշեցինք հրաժարվել»,- ասել է դերասանը։

Նրա խոսքով՝ գովազդը վերաբերում է դաշնակից երկրի, որի վարքը երբեմն այդքան էլ դաշնակցային չէ և կասկած է հարուցում։

ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ՖԻԼՄԸ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է «ՕՍԿԱՐԻ»

Բրիտանացի լրագրող և ռեժիսոր Էմիլ Գեսենի «45 օր. պայքար հանուն ազգի» ֆիլմը, որը պատմում է 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին, կարող է «Օսկարի» հավակնել: Այն ներկայացվել է «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է լրագրողը։

Ֆիլմը նկարահանվել է պատերազմի ընթացքում և ներկայացնում է մարդկային պատմություններ։ Նկարահանումների ժամանակ Գեսենը հանդիպել է մարտական գործողություններին մասնակցած զինվորների հետ, խոսել զոհվածների ընտանիքների անդամների հետ։

«Գիտակցելով պատերազմի արդյունքում ապատեղեկատվության ծավալները և համաշխարհային լրատվամիջոցների կողմից բավարար մակարդակով լուսաբանումը՝ Էմիլն այցելել է տարածաշրջան և հանդիպել տեղացիների հետ, որոնք զենք վերցրին, որպեսզի կռվեն: Սա նրանց պատմությունն է»,- ասված է ֆիլմի նկարագրության մեջ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում