Արարատ Միրզոյանի հանդիպումները ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի ընթացքում

ԴԴիանա Գասպարյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է դեկտեմբերի 2-ին Ստոկհոլմում մեկնարկած ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին։ Նիստի շրջանակում Նախարարը մի շարք հանդիպումներ է ունեցել եվրոպական երկրների արտգործնախարարների հետ։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը գոհունակությամբ են արձանագրել Հայաստանի և ԱՄՆ միջև քաղաքական երկխոսության մակարդակն ու զարգացման դինամիկան։ Բլինքենը հայտնել է ամերիկյան կողմի լիակատար աջակցությունը Հայաստանում անցկացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին։ Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ԱՄՆ վճռական դիրքորոշումը։

Կողմերն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերի, քննարկել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակը։ Միրզոյանը և Բլինքենը կարևորել են իրավիճակի դեէսկալացիային ուղղված քայլերը։
Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Զրուցակիցներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո խաղաղ գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը:

Արարատ Միրզոյանը հանդիպել է նաև Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ։ Կողմերը բարձր են գնահատելկ երկու երկրների միջև քաղաքական երկխոսության դինամիկայի կապակցությամբ։ Միրզոյանն իր երախտագիտությունն է հայտնել Հունաստանին՝ Հայաստանի համար դժվարին ժամանակաշրջանում ցուցաբերած աջակցության, ինչպես նաև Արցախի ժողովրդին տրամադրած հումանիտար օգնության համար։ Միրզոյանը կարևորել է Եվրամիության և անդամ երկրների դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Նախարարներն ընդգծել են նաև միջազգային կառույցների՝ Արցախ անխոչընդոտ մուտքի ապահովման անհրաժեշտությունը։

Նիդերլանդների ԱԳ նախարար Բեն Կնապենի հետ հանդիպմանը Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից մայիսի 12-ից Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցման և վերջին ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը։ Կողմերն ընդգծել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման կարևորությունը։ Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել՝ Արցախյան պատերազմի ընթացքում և հաջորդած շրջանում Նիդերլանդների խորհրդարանի սկզբունքային դիրքորոշման համար։ Նախարարները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո խաղաղ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորումը։

Ավստրիայի ԱԳ նախարար Միխայել Լինհարտի հետ հանդիպմանը Արարատ Միրզոյանն ընդգծել է հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեության կարևորությունը։
նախարարներն անդրադարձել են Ավստրիական զարգացման գործակալության գործունեությանը Հայաստանում։ Նրանք քննարկել են նաև բազմակողմ ձևաչափերում երկու երկրների փոխգործակցությունը, այդ թվում՝ ԵՄ և ԵԱՀԿ շրջանակներում։ Հատուկ անդրադարձ է կատարվել Ադրբեջանի ԶՈՒ կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված վերջին ագրեսիայի հետևանքներին։ Նախարարները քննարկել են նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցը։

Միրզոյանը և Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Ռադմանին վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակել համագործակցությունը ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի վերաբերյալ։

Երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային անվտանգության հարցերին և Արցախյան պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակին անդրադարձ է կատարվել նաև Արարատ Միրզոյանի ու Էստոնիայի ԱԳ նախարար Էվա-Մարիա Լիիմեթսի հանդիպմաը։ Զրուցակիցներն ընդգծել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումը և Արևելյան գործընկերության ծրագրի զարգացման հեռանկարները։

ԵԱՀԿ նախարարական համաժողովին Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն է անդրադարձել Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին։ «Հանդիպեցի իմ հայ գործընկերոջ հետ։ Հայտնեցի Կանադայի համերաշխությունը հայ ժողովրդին։ Կանադան խորապես անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած բախումով, ինչը հանգեցրել է հայ զինվորականների մահվան», - գրել է Ժոլին թվիթերյան միկրոբլոգում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում