ՀՀայկարամ Նահապետյան

Գեղարքունիքի մարզպետն ընդունել է ՀՀ-ում Նիդեռլանդներին դեսպան Նիկո Սխերմերսին

Գեղարքունիքի մարզպետն ընդունել է ՀՀ-ում Նիդեռլանդներին դեսպան Նիկո Սխերմերսին

Նոյեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդների թագավորության դեսպան Նիկո Սխերմերսին։ Ողջունելով դեսպանին՝ մարզպետ Կարեն Սարգսյանը նշել է, որ բարձր է գնահատում այս այցը և վստահ է, որ կողմերը կգտնեն համագործակցության եզրեր՝ ի շահ հայ-նիդեռլանդական բարեկամության խորացման և ամրապնդման, Գեղարքունիքի մարզի տնտեսական զարգացման։

 

Դեսպան Նիկո Սխերմերսը զրույցն սկսել է հայերենով․ «Հարգարժան մարզպետ, ուրախ եմ ծանոթանալ Ձեզ հետ, ուրախ եմ քննարկել հայ-նիդեռլանդական հարաբերությունները, խոսել դեսպանատան նախագծերի մասին։ Մեր դեսպանատունն իրականացնում է ծրագրեր մի շարք ուղղություններով, եթե լինեն առաջարկներ, կարող ենք քննարկել»,- նշել է դեսպանն ու հետաքրքրվել Գեղարքունիքի մարզի սահմաններին տիրող իրավիճակով, մարզում կայանալիք ՏԻՄ ընտրություններին առնչվող հարցերով, մարզի տուրիստական գրավչություններով, գյուղատնտեսության, բիզնեսի զարգացման, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության հաստատման հեռանկարներով։

 

Ինչպես նշել է մարզպետ Կարեն Սարգսյանը, այս տարվա մայիսի 12-ից ադրբեջանական զինուժի ապօրինի ներկայությունը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանամերձ համայնքների բնակչությանը խանգարում է գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպմանը, անասնակերի հավաքին, վարուցանքին։
 
«Օրեր առաջ մեր մարզի սահմաններում մարտական հերթապահության ընթացքում հակառակորդի կրակոցից զոհվել է մեր ժամկետային զինծառայողը»,- ներկայացրել է մարզպետը և հույս հայնել, որ նիդեռլանդական կողմն այսուհետ էլ շարունակելու է նպաստել դիվանագիտական ճանապարհով հարցի կարգավորմանը։

 

Դեսպանը նշել է, որ դիվանագիտական լծակներով Ադրբեջանին կոչ է արվել անհապաղ վերադարձնել գերեվարված անձանց և դադարեցնել ոտնձգությունները Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ։
 
Դեսպանը միաժամանակ տեղեկացրել է, որ Նիդեռլանդների դեսպանատան կողմից մի հետաքրքիր ծրագիր է իրականացվում Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Նավասարդ Ագրո» թռչնաֆաբրիկայում։
 
«Համաձայն այդ ծրագրի՝ գյուղատնտեսության, փոքր և միջին բիզնեսի ոլորտներում աշխատանքի են ընդգրկվում տարեց մասնագետները՝ անվճար կարգով մասնագիտական խորհրդատվություն իրականացնելու համար։ Ձեռնարկատերերը հոգալու են միայն սննդի և գիշերակացի կարիքները։ Կարծում եմ, որ դա նկատելի օժանդակություն կլինի ձեռնարկատերերին։ Ունենք նաև այլ ծրագրեր, որոնց մասին կխոսենք համապատասխան առաջարկություն ստանալու դեպքում»,- նշել է Նիկո Սխերմերսը։

 

Այս մասով պայմանավորվածություն է ձեռք բերվել մարզի համար շահավետ ծրագրերն առաջիկայում ներկայացնել գրավոր կերպով և համատեղ ուժերով խթանել սոցիալ-տնտեսական ներուժի զարգացմանը։

 

Անդրադառնալով այս տարվա դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընթացքին՝ մարզպետը շեշտել է, որ քարոզարշավն ու մյուս գործընթացներն ընթանում են առանց ավելորդ միջադեպերի և լարվածության, բացառապես օրենքի շրջանակներում։
 
«Համայնքների խոշորացումը նպաստելու է մեր բոլոր բնակավայրերի համաչափ զարգացմանը, սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի ներդրմանը, տեղական ինքնակառավարման կատարելագործմանն ու ուժեղացմանը։ Նոր պայմաններում մենք ծրագրերի իրականացման ավելի հստակ առաջարկներ կներկայացնենք, մեր մարզի տարածքում կաջակցենք բոլոր համատեղ ծրագրերի իրականացմանը»,- ասել է Կարեն Սարգսյանը։

 

Մարզպետը քաջատեղյակ լինելով դեսպանի նախասիրությանը՝ քայլարշավների և Հայաստանի տեսարժան վայրերի բացահայտման հանդեպ հետաքրքրվածությանը, առաջարկել է 2022 թվականի գարնանը միասին քայլարշավ կազմակերպել դեպի Արմաղան լեռ, որը գտնվում է Սևանա լճից հարավ-արևմուտք, Արգիճի գետահովտից հյուսիս, Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաների սահմանագլխին։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում