Իշխանությունը զավթելու կոչերի համար մեղադրվող Վազգեն Մանուկյանի գործը հասել է դատաքննության փուլ

ՄՄուշեղ Իսախանյան

Առաջին ատյանի դատարանը նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի դատական գործով անցավ դատաքննության: Նիստն սկսվեց մեղադրական եզրակացության հրապարակմամբ: Մեղադրող դատախազ Ալիկ Ստեփանյանը եզրակացությունը ներկայացնելիս առանձնացրեց «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքների ժամանակ հնչեցրած այն կոչերը, որոնց համար Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել:

Դատախազ Ստեփանյանը եզրակացրեց՝ Վազգեն Մանուկյանը կատարել է իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր: Ամբաստանյալը հայտարարեց, որ մեղքը չի ընդունում: Հավելեց, 30 տարուց ավելի է` քաղաքականության մեջ է և հազարավոր ելույթներ է ունեցել, չի հրաժարվում իր հնչեցրած որևէ խոսքից:

Վազգեն Մանուկյան (ամբաստանյալ) - Երկու կողմի իրավաբանները թող իրար հետ վիճեն, առայժմ ես միայն կդիտեմ, տեսնեմ՝ ոնց են համոզում, որ դա քրեական պատժվող գործ է:

Մանուկյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը դատախազին խնդրեց մի քանի հարց պարզաբանել՝ սեփական պաշտպանողական մարտավարությունը մշակելու համար:

Էրիկ Ալեքսանյան (Վազգեն Մանուկյանի պաշտպան) - Այս փաստական նկարագրությունը, որ կարդում եմ՝ պատճառաբանական մասը, բռնության հատկանիշ չեմ տեսնում:

Միաժամանակ պաշտպանը դատարանին միջնորդեց որպես վկա հրավիրել դատախազ Կարեն Բիշարյանին, քանի որ նա ՍԴ-ում ընտրությունների վիճարկման ժամանակ անդրադարձել է նախընտրական քարոզչության ժամանակ հնչած ատելության խոսքին և բռնության կոչերին և պնդել, որ քրեական գործ հարուցելու հիմքեր չեն եղել, քանի որ դրանք քաղաքական ուժերի ղեկավարների ելույթներ են, որոնք ներկայացրել են իրենց կուսակցության հայացքները՝ նշեց Ալեքսանյանը: Դատախազն առարկեց միջնորդության դեմ:

Վահե Միսակյան (դատավոր) - Կարեն Բիշարյանին դատարան հրավիրելու և որպես վկա հարցաննելու հիմքեր դատարանը չի տեսնում:

Դատարանն անցավ գրավոր ապացույցների ուսումնասիրությանը: Դատախազը ներկայացրեց ապացույց համարվող տեսանյութերի ու դրանց բովանդակության մանրամասները: Իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու համար մեղադրվող Վազգեն Մանուկյանի գործով հաջորդ նիստը նշանակվեց 2022-ի փետրվարի 7-ին: Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում