Քասախի ղեկավարը գերեզմանոցներով ծանրաբեռնված հողատարածքներն էլ է զավթել, յուրացրել միլիոնավոր դրամներ

ԼԼարա Մանուկյան

Քննիչ Վազգեն Վարդանյանի ձեռքի թղթապանակում Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանին առաջադրված մեղադրանքի մանրամասներն են։ 25 տարի համայնքը ղեկավարած Մկրտչյանը, որը «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրն է, մեղադրվում է մի քանի դրվագով պաշտոնեական լիազորություններ չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելու համար:

Վազգեն Վարդանյան, ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ - Քասախ համայնքի ղեկավարը համայնքում գտնվող 11,6 հա մակերեսով հողատարածքը, որը փաստացի ծանրաբեռված է եղել գերեզմանոցներով, վարձակալությամբ տրամադրել է իր մտերիմին:

Այնուհետև, ըստ քննիչի, նույն հողատարածքն օտարել է նույն անձին՝ անտեսելով Հողային օրենսգրքով նախատեսված արգելքը, ըստ որի՝ քաղաքացիական և զինվորական գերեզմանոցներով ծանրաբեռնված հողատարածքները վաճառքի ենթակա չեն:

Մյուս ենթադրյալ չարաշահման դեպքը տեղի է ունեցել 2012 թվականին: Ըստ մեղադրանքի՝ պաշտոնյան համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքները փաստացի իր տիրապետության տակ առնելու և դրանց օտարումից առավել շահույթ ստանալու նպատակով իրեն դիմած անձանց հողի վերաբերյալ այլ տվյալներ է ներկայացրել։

Վազգեն Վարդանյան - Մասնավորապես, 2012 թվականին իրեն դիմած քաղաքացուն 800 քառակուսի մետր մակերեսով հողատարածքը ներկայացնում է որպես 3 միլիոն 600 հազար դրամ՝ դիտավորյալ թաքցնելով այն հանգամանքը, որ նշված հողատարածքը ներկայացված է աճուրդ-վաճառքի, և գինը կազմում է մոտավորապես 2 միլիոն ՀՀ դրամ:

Քննիչի խոսքով՝ ստանալով քաղաքացու համաձայնությունը՝ Մկրտչյանը կազմակերպել է կեղծ աճուրդ:

Վազգեն Վարդանյան - Դրանց հիման վրա նշված հողատարածքը ձևակերպում են իր մտերիմ անձի անունով, իսկ դրանից մոտ 10 օր անց նույն հողատարածքը 3 միլիոն 600 հազար դրամով օտարում է արդեն իրեն դիմած քաղաքացուն:

Նմանատիպ մեկ այլ դեպքով էլ Քասախ համայնքի ղեկավարը կրկին հողատարածքների վաճառքից շահույթ ստանալու նպատակով կազմակերպել է երկու հողակտորների ձևական աճուրդ-վաճառքներ:

Վազգեն Վարդանյան - Ձևականորեն պահպանվում են օրենքի նորմերը, սակայն իրականում որևէ աճուրդ տեղի չի ունենում, որևէ անձ փաստացի չի մասնակցում աճուրդին, այլ աճուրդային արձանագրություններում մտցնում են կեղծ տվյալներ՝ անձանց մասնակցության, կատարված քայլերի և հաղթող անձի վերաբերյալ, և երկու հողակտոր գրանցում է իր մտերիմ անձի անունով:

Հետագայում, ըստ Վարդանյանի, նշված երկու հողակտորները, որոնք ձեռք են բերվել մոտ 2 միլիոն դրամով, օտարվել են, համապատասխանաբար, 2 միլիոն 700 հազար դրամով և 5 միլիոն 739 հազար 840 դրամով:

Մյուս դեպքով էլ Արա Մկրտչյանը, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը սահմանված մեկնարկային գնից թանկ վաճառելու, գույքային օգուտ ստանալու դիտավորությամբ, Երևանի բնակչի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել մի շարք հողատարածքներ 1 քառակուսի մետրը 15 ԱՄՆ դոլարով վաճառելու վերաբերյալ:

Վազգեն Վարդանյան - Կազմվում են փաստաթղթեր աճուրդ-վաճառքների վերաբերյալ, դրանցում ներառվում են կեղծ տեղեկություններ անձանց մասնակցության, կատարված քայլերի վերաբերյալ, թեև այդ անձինք աճուրդների չեն մասնակցում, նույնիսկ տեղեկացված չեն լինում, որ իրենց տվյալները ներառվել են աճուրդային արձանագրություններում:

Հետագայում, քննիչի խոսքով, գնորդը ներկայանում է համայնքապետարան, ստորագրում արդեն իսկ կազմված փաստաթղթերը և ուսումնասիրությամբ պարզում, որ իր վճարած գումարից էապես նվազ գումար է նշված:

Վազգեն Վարդանյան - Մոտավորապես 6 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ է նշված փաստաթղթերի մեջ, և հարց է բարձրացնում, թե ինչու է առավել ցածր գումար նշվել, պատասխան է ստանում, որ դա արվել է իր օգտին, որպեսզի նվազ հարկեր վճարի, և այդ ամենը բխում է նրա շահերից:

Արդյունքում՝ տվյալ քաղաքացուց ստացել է 63 միլիոն 558 հազար 820 դրամ, սակայն համայնքի բյուջե է մուտքագրվել 29 միլիլոն 764 հազար 592 դրամը: Այսպիսով՝ տվյալ քաղաքացուն և համայնքին պատճառվել է ընդհանուր 33 միլիոն 794 հազար 228 դրամի վնաս:

«Լուրերը» փորձեց մեկնաբանություն ստանալ նաև Մկրտչյանի պաշտպանից, սակայն նա զանգերն անպատասխան թողեց:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում