Երկօրյա այցով Հայաստանում է Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառան

ԼԼիլիթ Դանիելյան

Երկօրյա այցով Հայաստանում է Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառան: Այցը մեկնարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրում հարգանքի տուրքով:

ԿԱՐԵՎՈՐ Է ՎԱՏԻԿԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԼՂ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ. ՄԻՐԶՈՅԱՆ

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառայի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակության բացման արարողությունը: Նրանք դա համարել են հայ-վատիկանյան հարաբերություններում մեծ խորհուրդ ունեցող իրադարձություն: Միրզոյանի գնահատմամբ՝ դրանով նոր էջ է բացվում Հայաստանի և Սուրբ Աթոռի դիվանագիտական հարաբերությունների պատմության մեջ:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան - Մեծապես արժևորում ենք Ֆրանցիսկոս պապի այս որոշումը, որը կրկին փաստում է սրբազան քահանայապետի կողմից հայ-վատիկանյան միջպետական կապերին տրվող կարևորության մասին:

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Էդգար Պենյա Պառայը հանդիպումից հետո համատեղ հայտարարությամբ են հանդես եկել: Նրանք կարևորել են Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակության պաշտոնական բացումը՝ համարելով այն հայ-վատիկանյան հարաբերություններում մեծ խորհուրդ ունեցող իրադարձություն: Միրզոյանի գնահատմամբ՝ դրանով նոր էջ է բացվում Հայաստանի և Սուրբ Աթոռի դիվանագիտական հարաբերությունների պատմության մեջ: Արարատ Միրզոյանը նշել է՝ Սուրբ Աթոռը մշտապես Հայաստանի կողքին է եղել դժվարին ժամանակներում, և անցյալ տարին էլ այդ առումով բացառություն չէր:

Արարատ Միրզոյան - Մեզ համար կարևոր է Վատիկանի հետևողական դիրքորոշումը ԼՂՀ-ի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ու տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության պահպանման հարցում, մասնավորապես, Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ագրեսիայի օրերին ու դրան հաջորդած ժամանակաշրջանում սրբազան քահանայապետի հղած ուղերձները, ինչպես նաև ռազմագերին ազատ արձակման կոչերը մեծ ազդեցություն են ունեցել:

Էդգար Պենյա Պառա (Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ) - Չնայած միջոցների ու առկա անձնակազմի սակավությանը` ծրագիրն իրականություն դարձավ մի քանի ամսում, որովհետև մենք հավատում էինք դրան, համոզված եմ, որ այս առաքելական նվիրակությունը Հայասատնի ու ընհանրապես միջազգային հանրության համար կլինի տարածաշրջանում կամուրջներ կառուցելու առերեսման հնարավորությունների և արդար ու տևական խաղաղության համար նոր ճանապարհների խորհրդանիշ:

ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴԳԾԵԼ Է ԳԵՐԻՆԵՐԻ ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԽՆԴԻՐԸ


Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը և նոյեմբերի 9-ի հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները, շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց:

Արարատ Միրզոյան - Խնդրում ենք, որ Սուրբ Հայրը՝ Սրբազան Քահանայապետը, իր աղոթքներում և իր հրապարակային ուղերձներում մշտապես շարունակի հիշել հայ ռազմագերիներին և շեշտադրել նրանց անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը:

Արարատ Միրզոյանը հիշեցրել է նաև, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում Արցախի հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգությունը այժմ վտանգված է:

Էդգար Պենյա Պառա (Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ) - Ցանկանում եմ վերահաստատել Սուրբ Աթոռի աջակցությունը ՀՀ կառավարության օրակարգային հարցերին և միջազգային հանրության օրակագային հարցերին՝ ուղղված խաղաղությանը և զինաթափմանը, Մարդու իրավունքներին, մարդկային և մշակութային զարգացման կրոնական ազատությունների ու շրջակա միջավայրի պաշտպանության և պահպանության հարցերի առնչությամբ:

Արարատ Միրզոյանը և Էդգար Պենյա Պառան մասնակցել են նաև «Հռոմի քահանայապետերի առաքելական այցերը Հայաստան. Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր» թեմայով երկու նամականիշով գեղաթերթիկի մարման արարողությանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում