ՎՎարդան Հովսեփյան

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ՀՀ շահերի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի եզրափակիչ ելույթը

Ներկայացնենք ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ՀՀ շահերի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի ամփոփիչ ելույթը:

«Տիկին նախագահ,

Դատարանի հարգելի անդամներ,

պատիվ է կրկին խոսել ձեր առջև՝ ներկայացնելով Հայաստանի եզրափակիչ պնդումները և միջանկյալ միջոցներ կիրառելու դիմումը:

Ինչպես պարզ դարձավ մեր խորհրդականների բանավոր հայտարարություններից, Հայաստանի խնդրանքները լիարժեքորեն տեղավորվում են կոնվենցիայի շրջանակներում: Դրանք պարզ և համոզիչ են:

Երեկ մեր փաստացի պնդումներին արձագանքելու փոխարեն՝ Ադրբեջանը դատարանին ներկայացրեց «անճշտությունների տարափ»: Ներկայացվեցին քաղաքական հայտարարություններ և պատմական կեղծ փաստեր, որոնք ոչ մի առնչություն չունեն այն խնդիրների հետ, որոնց հետ կապված դիմել ենք՝ միջանկյալ միջոցներ կիրառելու խնդրանքով: Դրանց ժամանակը նույնպես կարող է գալ, բայց ոչ այստեղ և ոչ հիմա:

Ադրբեջանը ենթադրություն հայտնեց, որ վերջին պատերազմը մեր հայցի և միջանկյալ միջոց կիրառելու դիմումի միակ դրդապատճառն է: Թեև պատերազմն ուղեկցվել  է Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ ռասայական խտրականության աղաղակող դրսևորումներով, այն ոչ մի դեպքում Հայաստանի հայցի և միջանկյալ միջոց կիրառելու դիմումի միակ պատճառը չէ: Հակառակը՝ դիմումում Հայաստանը ներկայացնում է բազմաթիվ ապացույցներ՝ տասնամյակներ շարունակվող՝ կոնվենցիայի լուրջ և համակարգված խախտումների վերաբերյալ:

Հայաստանը համոզիչ ապացույցներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից շարունակվող խտրական վերաբերմունքի օրինաչափության և գործելակերպի մասին, որը ենթադրում է անուղղելի վնասի հրատապ սպառնալիք: Եթե այն անարձագանք մնա, դա անշուշտ կհանգեցնի կոնվենցիայի հետագա խախտումների:

Տիկին նախագահ,

Դատարանի հարգարժան անդամներ,

նախքան մեր դիմումներին անդրադառնալը, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ և դատարանին` Հայաստանի պատվիրակությանն այստեղ՝ Խաղաղության պալատում ընդունելու և այն ամենի համար, ինչ դուք արել եք այս լսումների անխափան անցկացումն ապահովելու համար: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Ռեեստրին և նրա աշխատակիցներին և իհարկե թարգմանիչներին՝ իրենց անգնահատելի ներդրման համար:

Այժմ ես կներկայացնեմ Հայաստանի ամփոփիչ հայտարարությունը.

Հիմք ընդունելով իր հայցը և միջանկյալ միջոցներ կիրառելու բանավոր միջնորդությունները՝ Հայաստանը հարգանքով խնդրում է Դատարանին՝ պահանջել հետևյալ միջանկյալ միջոցները՝ մինչև գործի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը:

1. Ադրբեջանը պետք է անհապաղ ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին, պատանդներին և իր կալանքի տակ պահվող այլ անձանց, որոնք գերության մեջ են հայտնվել 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ռազմական գործողությունների ընթացքում կամ դրանից հետո:

2. Մինչև ազատ արձակումն Ադրբեջանը բոլոր հայ ռազմագերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց կվերաբերվի՝ կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունների, այդ թվում՝ անձի անվտանգության և պետության կողմից նրանց մարմնական վնասվածքներից պաշտպանվելու իրավունքի համաձայն, և կթույլատրի այդ նպատակով իրականացնել անկախ բժշկական և հոգեբանական գնահատումներ:

3. Ադրբեջանը ձեռնպահ կմնա էթնիկ հայկական ծագում ունեցող մարդկանց նկատմամբ ատելություն արտահայտելուց, այդ թվում՝ փակելով կամ դադարեցնելով «ռազմավարի պուրակի» գործունեությունը:

4. Ադրբեջանը կպաշտպանի հայկական պատմական, մշակութային և կրոնական ժառանգության, այդ թվում` եկեղեցիների, տաճարների, պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և այլ շինությունների ու մասունքների հասանելիության և օգտվելու իրավունքը` այդ թվում՝ դադարեցնելով, կանխելով, արգելելով և պատժելով դրանց նկատմամբ վանդալիզմը, ոչնչացումը կամ փոփոխումը, ինչպես նաև կթույլատրի հայերին այցելել աղոթատեղիներ:

5. Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնա հայկական պատմական, մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությանը և պահպանմանն ուղղված որևէ խոչընդոտից, ներառյալ՝ եկեղեցիները, տաճարները, պաշտամունքի վայրերը, հուշարձանները, տեսարժան վայրերը, գերեզմանոցները և այլ շինությունները և մասունքները՝ համապատասխան կոնվենցիայի դրույթների:

6. Ադրբեջանն արդյունավետ միջոցներ կձեռնարկի կոնվենցիայի շրջանակում գործողությունների վերաբերյալ պնդումների հետ կապված ապացույցների ոչնչացումը կանխելու և պահպանումն ապահովելու համար:

7. Ադրբեջանը չպետք է ձեռնարկի որևէ գործողություն և պետք է երաշխավորի, որ չի ձեռնարկվի որևէ գործողություն, որը կարող է սրել կամ ընդլայնել դիմումի առարկա հանդիսացող վեճը կամ դարձնել այն ավելի դժվար լուծելի:  

8. Ադրբեջանը պետք է հաշվետվություն ներկայացնի Դատարանին՝ նրա վճռի, այդ թվում՝ միջանկյալ միջոցների իրականացման մասին, վճռի հրապարակումից ոչ ուշ, քան երեք ամիս հետո, և դրանից հետո զեկուցի Դատարանին յուրաքանչյուր վեց ամիսը մեկ»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում