Թուրքիան ցանկանում է ԱՄՆ-ից 40 միավոր F-16 կործանիչ գնել
ԹՈՒՐՔԻԱՆ ԱՄՆ-ԻՑ ԿՈՐԾԱՆԻՉ ԿԳՆԻ
Թուրքիան դիմել է ԱՄՆ-ին՝ 40 միավոր F-16 կործանիչ գնելու, նաև իր ունեցած մոտ 80 ամերիկյան կործանիչներն արդիականացնելու համար, հաղորդում է «Reuters» գործակալությունը:
Պետքարտուղարության և Պենտագոնի մաս կազմող համապատասխան գերատեսչություններն ուսումնասիրում են գործարքը, թեև նույնիսկ հաստատումից հետո Կոնգրեսը կարող է արգելափակել այն:
Հանրապետականներն ու դեմոկրատները կոչ են անում Միացյալ Նահանգների վարչակազմին ճնշում գործադրել Անկարայի վրա՝ կապված ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման հետ:
Թուրքիան ՆԱՏՕ-ի առաջին երկիրն է, որ ձեռք բերեց այդ համակարգերը Ռուսաստանից: Հենց այդ պատճառով էլ Վաշինգտոնն Անկարային դուրս թողեց հինգերորդ սերնդի F-35 կործանիչների արտադրության իր ծրագրից:
ԱՄՆ-Ը ԵՐԿԱՐԱՁԳԵԼ Է ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ԹՈՒՐՔ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ
ԱՄՆ-ը մեկ տարով երկարաձգել է Սիրիայի հետ կապված 2019 թ. Թուրքիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ սահմանված պատժամիջոցները:
Պատժամիջոցների տակ են ընկել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար, գլխավոր շտաբի նախկին պետ Հուլուսի Աքարը, Էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դյոնմեզը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Սուլեյման Սոյլուն:
ԱՄՆ-Ն ԻՐԱՆԻ ՀԵՏ ԿԲԱՆԱԿՑԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔԻ ՇՈՒՐՋ
Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը հայտարարել է Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցությունների վերսկսման անխուսափելիության մասին:
Բանակցությունների շարունակումն անհրաժեշտ է, քանի որ այս գործընթացը չի կարող անվերջ շարունակվել, հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը և հավելել, որ պաշտոնական Վաշինգտոնը պատրաստ է խնդրի դիվանագիտական լուծմանը, և նշել՝ Թեհրանը ևս վերջերս հայտարարել է, որ առաջիկայում կվերադառնա բանակցություններին:
«Մենք հույս ունենք, որ Իրանի «մոտ ժամանակների» սահմանումը կհամապատասխանի «մոտ ժամանակների» մեր սահմանմանը», - նշել է Պետքարտուղարության խոսնակը:
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի քննարկել են Վիեննայում միջուկային գործարքի շուրջ անուղղակի բանակցությունների վերսկսման հարցը: Փրայսը նշել է, որ Ռուսաստանն ակտիվորեն մասնակցում է այդ գործընթացին:
ԹՈՒՐՔ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐԱՆՈՒՄ Է
Թուրքիայի արտգործնախարարը ժամանել է Լվով, որտեղ ուկրաինացի գործընկերոջ՝ Դմիտրի Կուլեբայի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների ամրապնդումը քաղաքականության, տնտեսության, տրանսպորտի, նաև ռազմաարդյունաբերության ոլորտներում:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, կողմերը խոսել են Ուկրաինայում «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրություն սկսելու մասին:
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը այս համաձայնագիրը Անկարայի հետ ստորագրել էր դեռ անցած տարվա դեկտեմբերին:













