Պուտինն Էրդողանի հետ հանդիպմանը կարևոր է համարել Կովկասում կայունության ու հաշտեցման ջանքերը

ՍՍոնա Աղբալյան

3 ժամ տևած հանդիպում, որ ավարտվեց արձանագրումով: Մոսկվան ու Անկարան սովորել են փոխշահավետ փոխզիջումներ գտնել: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց՝ միջազգային հարցերում Թուրքիան ու Ռուսաստանը հաջող են գործակցում: Խոսքը ոչ միայն Սիրիայի ու Լիբիայի մասին է, այլև Հարավային Կովկասի:

Վլադիմիր Պուտին, ՌԴ նախագահ - Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնն ակտիվորեն գործում է, և այդ գործակցությունը լուրջ երաշխիք է կայունությանը և հաշտեցմանն ուղղված կողմերի դիրքորոշումների համաձայնեցման հետագա քայլերում։

Պուտինի այս հայտարարությունը որոշ լրատվամիջոցները դիտարկեցին որպես Ղարաբաղյան պատերազմում Թուրքիայի դերին տրված դրական գնահատական, թեև ավելին Պուտինը չէր ասել: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը մտադիր է քննարկել նաև հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորումը:

Սոչի այցին ընդառաջ՝ Էրդողանը Ղրիմի միացումը Ռուսաստանին անվանել էր ապօրինի, Թուրքիայի պաշտպանության նախարարն էլ Մոսկվային մեղադրել էր սիրիական Իդլիբում օդային հարվածների համար, ինչն անակնկալի էր բերել Մոսկվային: Էրդողանը, սակայն, նշել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ քայլերը Սիրիայում մեծ կարևորություն ունեն:

Ռեջեփ Էրդողան, Թուրքիայի նախագահ - Հատկապես հավատում եմ, որ ռուս-թուրքական հարաբերությունների ամրապնդումը և դրանց զարգացումը մեծ օգուտ կբերեն: Սիրիական հարցում մեր համատեղ քայլերը ևս մեծ նշանակություն ունեն: Այդ տարածաշրջանի խաղաղությունը կախված է ռուս-թուրքական հարաբերություններից:

Պուտին-Էրդողան վերջին հանդիպումը կայացել էր մեկուկես տարի առաջ, թեև, ըստ ՌԴ նախագահի, շփումներն այդ ընթացքում չեն դադարել: Առանձնազրույցի օրակարգի մյուս հարցերը վերաբերում էին երկու երկրի աճող առևտրաշրջանառությանը, համատեղ նախագծերի իրականացմանը: Հանդիպման ավարտին լրագրողների համար մամուլի ասուլիս նախատեսված չէր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում