ԱՄՆ-ն հեռացավ Աֆղանստանից

ՍՍոնա Աղբալյան

Սա Աֆղանստանը լքած ԱՄՆ վերջին զինվորի լուսանկարն է: Պայմանավորված ժամկետում` մինչև օգոստոսի 31-ը, Վաշինգտոնը դուրս է բերել ամբողջ զորքն Աֆղանստանից: «Թալիբան» շարժումը նշում է իրադարձությունը:

Զաբիդուլլահ Մուջահիդ («Թալիբանի» խոսնակ) - Այսօր՝ աֆղանական ժամանակով 12:00-ին, այնտեղ մնացած ամերիկյան զորքերը հեռացան Քաբուլի օդանավակայանից, և մեր երկիրը ձեռք բերեց լիակատար անկախություն:

Լուրը հաստատեց նաև Պենտագոնը: Աֆղանստանը լքած ԱՄՆ վերջին ռազմական օդանավի մեջ են եղել Քաբուլում ամերիկյան զորքերի հրամանատար Քրիս Դոնահյուն և Աֆղանստանում ԱՄՆ դեսպան Ռոսս Վիլսոնը:

Քենեթ ՄըքՔենզի (ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության հրամանատար) - Ամերիկացի վերջին զինծառայողը լքեց Աֆղանստանը, և տարհանման գործողությունն ավարտված է:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհակալություն է հայտնել ամերիկացի զինվորականներին՝ 17 օրում ավելի քան 120 հազար մարդու տարհանման աննախադեպ գործողությունն իրականացնելու համար: Ամերիկյան պատմության ամենաերկարատև ռազմական արշավը սկսվել էր 2001 թվականի հոկտեմբերին:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է բանաձև, որը թալիբներին պարտավորեցնում է հարգել երկրից մարդկանց ազատ հեռանալու իրավունքը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկու մշտական անդամներ Ռուսաստանը և Չինաստանը ձեռնպահ են քվեարկել: Ռուսական կողմի պարզաբանմամբ պատճառն այն է, որ բանաձևի հեղինակներն անտեսել են ռուսական կողմի առաջարկները: Մոսկվան դեմ է Աֆղանստանի ֆինանսական միջոցների սառեցմանը, քանի որ դա կարող է բացասական ազդեցություն ունենալ երկրի տնտեսության վրա:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի համոզմամբ, նպատակահարմար կլիներ, որ ՄԱԿ-ը Քաբուլի օդակայանի տարածքը հռչակեր «անվտանգ գոտի» և ստանձներ այդ ռեժիմն ապահովելու առաքելությունը, սակայն տեքստում այդ դրույթը տեղ չի գտել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում