Եռակողմ պայմանավորվածությունների իրականացման գործընթացը վատ չի ընթանում. Պեսկով

ՍՍոնա Աղբալյան

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունների իրականացման գործընթացը վատ չի ընթանում, ՌԴ նախագահը մշտական կապի մեջ է Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի հետ՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Գիտեք, որ եռակողմ պայմանավորվածությունները կազմվել են նախագահ Պուտինի եռանդուն մասնակցությամբ և նրանք նույն կերպ էլ իրականացվում են, հիմա զբաղվում ենք հենց դրանց կյանքի կոչմամբ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ու ընդգծել, որ Մոսկվան պատրաստ է ողջունել Ֆրանսիայի և ԵՄ երկրների ջանքերը Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններում, եթե դրանք նպաստեն առկա պայմանավորվածությունների իրագործմանը:

*****

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի անդամ Ռուպա Հուքը կոչ է արել Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարար Դոմինիկ Ռաաբին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Ժամանակն է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը միանա ավելի քան 30 երկրներին, ներառյալ ԱՄՆ-ին՝ պաշտոնապես ճանաչելու 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրության կողմից երկու միլիոն հայերի ոչնչացումը որպես ցեղասպանություն»,- ասել է Ռուպա Հուքը։ «Այսօր ես Արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբին կոչ արեցի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա ասաց, որ դիրքորոշումը մնում է անփոփոխ, բայց կարծես լուռ ընդունեց, որ դա ցեղասպանություն է»,- նիստից հետո Ֆեյսբուքում գրել է Հուքը:

*****

Վրաստանում կանցկացվեն Agile Spirit 2021 միջազգային զորավարժությունները, որոնց, բացի Վրաստանից ու Միացյալ Նահանգներից, կմասնակցեն ՆԱՏՕ-ի 13 երկրի ու գործընկեր պետության զինծառայողներ: Զորավարժությունների մասնակից երկրների ցանկում են նաև Թուրքիան և Ադրբեջանը: Ընդհանուր առմամբ՝ զորավարժություններին կմասնակցեն ավելի քան 2,5 հազար զինվորականներ։ Ուսումնական վարժանքները կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 6-ը: Դրանք ներառում են թիմային ուսուցում, դաշտային մարզումներ ու մարտական հրաձգություն վարժություններ: Agile Spirit զորավարժությունները Վրաստանում կանցկացվեն տասներորդ անգամ:

*****

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Սենատի լսումների ժամանակ անդրադարձել է Ադրբեջանին տրվող օգնությանը, առաջարկել ընդունել այն կրճատելու վերաբերյալ ուղղումը: «Ադրբեջանն այժմ սահմանային վեճի արդյունքում ներխուժել է Հայաստանի ֆիզիկական տարածք, և ես կարծում եմ՝ նրանք կշարունակեն իրենց ագրեսիվ վարքագիծը, քանի դեռ հստակ ուղերձ չեն ստացել, որ դա անընդունելի է»,- նշել է Մենենդեսը: Եվրոպայի և Եվրասիայի հարցերի պետքարտուղարի տեղակալի պաշտոնի թեկնածու Քերըն Դոնֆրայդն ասել է, որ եթե այդ տեղեկությունը հաստատվի, ինքն այդ հարցով սերտորեն կգործակցի Մենենդեսի և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ: «Խիստ անհրաժեշտ է վստահ լինել, որ ցանկացած աջակցություն, որ մենք տրամադրում ենք Ադրբեջանին, որևէ կերպ չի խաթարում ուժերի հավասարակշռությունը, և որ մենք հանձնառու ենք Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը»,- ասել է Դոնֆրայդը:

*****

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսահամարը Մարոկկոյի հատուկ ծառայությունների կողմից ներառվել է իսրայելական Pegasus համակարգում՝ նրան լրտեսելու համար: OCCRP հետաքննական նախագծի սկանդալային զեկույցը, ըստ որի 10 երկիր, նաև նրանց կառավարությունները գաղտնալսել են լրագրողների, պաշտոնյաների և ընդդիմադիրների, բացահայտում է, որ նախագահ Մակրոնի և վարչապետ Էդուարդ Ֆիլիպի, նաև 14 նախարարների հեռախոսահամարները ներառվել են ցուցակում՝ Մարոկկոյի հատուկ ծառայությունների կողմից հնարավոր գաղտնալսման համար:

*****

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նախազգուշացնում է կորոնավիրուսի ավելի վտանգավոր շտամի սպառնալիքի մասին: Այս մասին նա հայտարարել է այսօր՝ ելույթ ունենալով Տոկիոյում՝ Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) 138-րդ նստաշրջանում: Նրա խոսքով՝ որքան շատ տարածվի վիրուսը, այնքան շատ տարբերակներ ի հայտ կգան և, հնարավոր է, նույնիսկ ավելի վտանգավոր դառնան, քան դելտա տարբերակը, որն այժմ մեծ վնաս է պատճառում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրենը հայտարարել է, որ եթե աշխարհի առաջատար տնտեսությունները ցանկանան, կարող են ամիսների ընթացքում վերահսկողության տակ առնել համաճարակը՝ կիսվելով պատվաստանյութով ու խթանելով դրանց արտադրությունը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում