Ֆրանսիայի ԱԳ նախարարն ԱՄՆ-ում քննարկել է ԼՂ հակամարտությունը

ՍՍոնա Աղբալյան

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը Ղարաբաղյան հակամարտությունը քննարկել է ԱՄՆ պաշտոնատար անձանց հետ: Հուլիսի 13-14-ին Վաշինգտոն կատարած այցի ընթացքում Ժան Իվ Լը Դրիանը քննարկել է հարցեր, որոնք առնչվում են հակամարտության կարգավորմանը: Նախարարը խոսել է խաղաղության հասնելու նպատակով Մինսկի խմբի համանագահության շրջանակում համատեղ գործողությունների անհրաժեշտության մասին: Այցի ընթացքում նա հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և նախագահ Ջո Բայդենի, անվտանգության հարցերի խորհրդական Ջեք Սալիվանի հետ:

*****

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան այցի նախապատրաստական աշխատանք է տարվում՝ ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը: 2021 թվականի հուլիսի 16-17-ը Հայաստան կժամանի նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած պատվիրակությունը: Ավելի ուշ Շառլ Միշելը կլինի նաև Վրաստանում: Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահը հայտարարել է, որ Թբիլիսին եվրոպացի պաշտոնյային ամբողջական տեղեկություն կտա հուլիսի 5-ի ցույցի, դրա հետևանքների մասին: ԼԳՏԲ համայնքի կազմակերպած ցույցի ընթացքում վրացի ազգայնականները բռնության էին ենթարկել վրացական Պիրվելի հեռուստաալիքի լրագրողին, որն օրեր անց մահացել էր: Վրաստանի վարչապետի հրաժարականը պահանջող լրատվամիջոցների կողմից կազմակերպված հաջորդ ակցիան տեղի կունենա շաբաթ օրը՝ հուլիսի 17-ին:

*****

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ սենատոր Բոբ Մենենդեսը և կոնգրեսական Բրեդ Շերմանն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն, դեսպան Սամանթա Փաուերի մասնակցությամբ լսումների ժամանակ անդրադարձել են Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնության ծավալին: Սենատոր Մենենդեսը կարծում է, որ հատկացվող գումարը շատ քիչ է և ցանկություն է հայտնել հարցը քննարկել Փաուերի հետ: Կոնգրեսական Բրեդ Շերմանն էլ հետաքրքրվել է՝ արդյոք Միացյալ Նահանգների վարչակազմը մտադի՞ր է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների ու ագրեսիայի հետևանքով Արցախից տեղահանված ավելի քան 100 հազար հայերին օգնելու նպատակով 5 մլն դոլար գումարից բացի այլ օգնություն տրամադրել: Սամանթա Փաուերը նշել է, որ զբաղվում են տեղահանվածների խնդրով: Նա պատրաստակամությունն է հայտնել գործակցելու այս հարցում, որի համար լրջորեն մտահոգված է:

*****

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագրով կստեղծվի ցեղասպանության ինստիտուտ: Նախագահ Էրդողանը նոր հրամանագիր է ստորագրել, որի համաձայն Ստամբուլի համալսարանի ռեկտորի հովանու ներքո կստեղծվի Մարդկության դեմ հանցագործությունների ու ցեղասպանության ուսումնասիրության միջազգային ինստիտուտ: Ավելի վաղ Թուրքիայում արդեն ստեղծվել էր Օսմանյան կայսրության օրոք Թուրքիայի իշխանությունների կողմից հայերի, ասորիների ու հույների դեմ իրականացված ցեղասպանության ժխտման քաղաքականության հարցով պետական կառույց: Կարելի է հստակ արձանագրել, որ Էրդողանի նոր որոշումը Թուրքիայի ժխտողական քաղաքականության հերթական մեխանիզմ է ստեղծում:

*****

Իրանական Fars լրատվական գործակալությունը հայտնում է, որ Ադրբեջանը 2020-ի կեսից սկսած և, հատկապես, Արցախյան պատերազմից հետո իր տարածքով դեպի Ռուսաստան իրանական բեռնատարների տարանցման համար տարբեր պատրվակներով խոչընդոտներ է ստեղծում: Նշվում է, որ ադրբեջանական կողմն օրական 250 բեռնատարի փոխարեն թույլատրել է 30-ի անցումը, ինչի պատճառով բեռնատարները 8-10 օր անցակետում են մնացել: Քանի որ Իրանից Ռուսաստան հիմնականում գյուղմթերք է արտահանվում, կուտակումների և ձգձգումների պատճառով մթերքը փչանում է՝ դառնալով ֆինանսական կորուստների պատճառ: Իրանական բեռնատարների համար խնդիր է նաև Ադրբեջան մտնելու համար վճարվող գումարն այն պարագայում, երբ ռուսական բեռնատարներից նման գումար չի գանձնվում: Ըստ գործակալության՝ ռուսական շուկայում Իրանի համար լուրջ մրցակից է Թուրքիան և, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանն իրանական բեռնատարների համար այդ խոչընդոտներն ստեղծում է Անկարայի հրահրմամբ:

*****

Ադրբեջանն ու Թուրքիան նախատեսում են ավելացնել համատեղ զորավարժությունների քանակը, որոնցում ներգրավված կլինեն տարբեր զորատեսակներ: Հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ երեկ ընդունելով Բաքվում Թուրքիայի նոր դեսպան Ջահիթ Բաղչիին։ Ադրբեջանի ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Հասանովը շնորհակալություն է հայտնել թուրքական կողմին ռազմական անձնակազմի պատրաստման և պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքների ականազերծման գործում աջակցության համար:

*****

Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունն առաջին անգամ կայցելի, այսպես կոչված, Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն: Ըստ վերլուծաբանների՝ այս քայլով Ադրբեջանը փորձում է մարել իր պարտքերը Թուրքիային՝ Արցախյան վերջին պատերազմում ցուցաբերած աջակցության դիմաց: Ըստ Ադրբեջանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի՝ այդ այցը պատմական կլինի և ուղերձ կհղի ամբողջ աշխարհին: Փաստացի, նման քայլով Բաքուն ճանաչում և աջակցում է Թուրքիայի կողմից Կիպրոսի օկուպացիային:

*****

Թուրքիան Ուկրաինա է ուղարկել Բայրաքթար ՏԵԲԵ2 առաջին անօդաչու համալիրները՝ ռազմածովային ուժերը համալրելու համար: Անկացվում են վերջնական փորձարկումները: Բայրաքթարները կկիրառվեն Սև և Ազովի ծովերի տարածքում: Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ Ուկրաինան Թուրքիայից հարվածային անօդաչուներ է գնել Ռուսաստանին «զսպելու» և իր տարածքները պաշտպանելու համար։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում