Փոխհրաձգություն Ղրղզստան-Տաջիկստան սահմանին

ՍՍոնա Աղբալյան

Ղրղզստանի ու Տաջիկստանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել: Երկու սահմանապահ վիրավորվել է: «Ղրղզստանի չորս սահմանապահ ապօրինաբար հատել են Տաջիկստանի Հանրապետության պետական սահմանը»,- ասված է Տաջիկստանի ազգային անվտանգության պետական ​կոմիտեի սահմանապահ զորքերի մամուլի կենտրոնի հայտարարության մեջ: Ղրղզստանը հաստատել է սահմանին փոխհրաձգության փաստը:

ՀԱՊԿ-ԻՑ ՈՒԺԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ. ՍԻԴՈՐՈՎ

Տաջիկստանին անհրաժեշտ է տեխնիկական աջակցություն, սակայն Աֆղանստանի հետ սահմանին պաշտպանություն իրականացնելու համար ՀԱՊԿ հավաքական ուժերի ներգրավման անհրաժեշտություն չկա: RT-ին տված հարցազրույցում նշել է ՀԱՊԿ միասնական շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը:

«Այն բանից, ինչ մենք այստեղ տեսանք և շփվեցինք առաջին դեմքերի, ուժային կառույցների ղեկավարների հետ, եկանք եզրահանգման, որ ներկա դրությամբ ՀԱՊԿ այլ պետություններից ուժերի համալրման անհրաժեշտություն չկա»,- ասել է նա: Սիդորովի խոսքով՝ կան որոշակի դժվարություններ, և, ամենայն հավանականությամբ, անհրաժեշտ կլինի ցուցաբերել նյութատեխնիկական աջակցություն: «Թալիբան» շարժումը Աֆղանստանի և Տաջիկստանի պետական սահմանին տեղակայել է անցակետեր: Ավելի վաղ Տաջիկստանը ՀԱՊԿ անդամ երկրներից օգնություն է խնդրել Աֆղանստանից եկող մարտահրավերներին դիմագրավելու համար:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Աֆղանստանում ԱՄՆ ռազմական առաքելության վերջնաժամկետի մասին: Նրա խոսքով՝ այն կավարտվի օգոստոսի 31-ին: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նաև շեշտել է՝ ԱՄՆ հետախուզությունը չի կանխատեսում, որ ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո Աֆղանստանի կառավարությունը կտապալվի:

ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՕԴԱՆԱՎ Է ԸՆԿԵԼ

Լիբանանի Կեսերվան լեռնային շրջանում՝ մայրաքաղաք Բեյրութից հյուսիս ընկած հատվածում փոքր ուսումնական օդանավ է ընկել, որի մեջ եղել է երեք մարդ: Բոլորը զոհվել են: Օդաչուն հայ է՝ Ջորջ Չիրիկջյանը: Cessna 172 տեսակի օդանավը պատկանում է Open Sky Aviation ավիաընկերությանը: Այն օդ է բարձրացել Բեյրութի օդանավակայանից տեղի ժամանակով 13:30-ին և 20 րոպե անց կործանվել գյուղական տարածքում: Կործանման վայրի մոտակայքում գտնվող ականատեսներից մեկը նշել է, որ եղանակը մառախլապատ է եղել:

ՎՐԱՑ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ՝ ԲԱԹՈՒՄՈՒՄ

Հուլիսի 7-ին Բաթումում տեղի է ունեցել վրաց-թուրքական համատեղ մաքսային կոմիտեի երրորդ հանդիպումը: Հանդիպմանը ստորագրվել է պարզեցված մաքսային միջանցքի մասին համաձայնագիր: Թուրքական կողմը Վրաստանին խնդրել է, որ սահմանային անցակետը տեղափոխվի Ախալքալաք՝ պատճառաբանելով, թե Կարծախում սահմանին մաքսային ծառայություն չկա, օպերատորները ստիպված են լինում հաճախ գալ հեռավոր տարածքներից, ինչը սպասելու պատճառ է դառնում: Թուրքիայի առևտրի փոխնախարարի առաջարկին վրացական կողմը դրական է արձագանքել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում