ՄՄարի Կոստանյան

Էրդողանը իշխանությունը պահում է՝ ոտնահարելով մարդու իրավունքներն ու ժողովրդավարական երաշխիքները. Human Rights Watch

Էրդողանը իշխանությունը պահում է՝ ոտնահարելով մարդու իրավունքներն ու ժողովրդավարական երաշխիքները. Human Rights Watch

Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության ու ժողովրդավարության քանդումն աննախադեպ ցուցանիշի է հասել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 18 տարվա ղեկավարման ընթացքում: Հարևան երկրում ժողովրդավարության ծանր վիճակի վերաբերյալ հոդված է հրապարակվել Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության կայքում:

Թուրքիայի կառավարությունն անցյալ շաբաթ վտանգավոր միջոցներ է ձեռնարկել՝ խարխլելով օրենքի գերակայությունը՝ թիրախավորելով իշխանությանը քննադատողներին ու քաղաքական ընդդիմադիրներին:

Human Rights Watch-ն անդրադարձել է Թուրքիայի՝ Ստամբուլյան Կոնվենցիայից դուրս գալու փաստին: Այս քայլին նախորդել է Թուրքիայի գլխավոր դատախազի՝ երկրի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» գործունեությունը դադարեցնելու հայցը:

«Թուրքիայի նախագահը թիրախավորում է ցանկացած կառույց կամ հասարակության մաս, որն ընդդիմանում է թուրքական հասարակության նրա վերաձևավորմանը»,-հայտարարել է Human Rights Watch-ի գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը: Նա նշել է, որ խորհրդարանական ընդդիմության, քրդերի և կանանց դեմ վերջին զարգացումները հաստատում են, որ Թուրքիայի նախագահն իր իշխանությունը պահում է՝ ոտնահարելով մարդու իրավունքներն ու ժողովրդավարական երաշխիքները:

Վերջին 30 տարվա ընթացքում Թուրքիայում դադարեցվել է քրդամետ հինգ քաղաքական կուսակցության գործունեություն: Միաժամանակ, Թուրքիայի գլխավոր դատախազը դատարանից պահանջել է հինգ տարով արգելել 687 անհատի, այդ թվում՝ խորհրդարանի ներկա և նախկին անդամների, կուսակցությունների հարյուրավոր ղեկավարների քաղաքական գործունեությունը, դադարեցնել ընդդիմադիր քրդամետ կուսակցության ֆինանսավորումը:

Human Rights Watch-ը հիշատակել է նաև Էրդողանի կողմից Թուրքիայի կրթական համակարգը վերահսկելու քայլերը՝ ընդգծելով երկրի գլխավոր համալսարաններից մեկի ռեկտորի նշանակումը:

Մարտի 25-ին և 26-ին նախանշված ԵՄ գագաթնաժողովի օրակարգի առանցքային թեմաներից մեկը ԵՄ-Թուրքիա հարաբերությունների վերանայումն է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում