Հռոմի Ֆրանցիսկոս Պապն Իրաքում հանդիպել է շիաների առաջնորդի հետ

ՍՍոնա Աղբալյան

Արդեն երկրորդ օրն է՝ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն Իրաքում է: Մեկնելուց առաջ պոնտիֆիկոսը հայտարարել է. որպես խաղաղության ուխտավոր է մեկնում պատերազմից տուժած և մահմեդական մեծամասնություն ունեցող այդ երկիր։ Այցի առաջին օրը Ֆրանցիսկոսը կոչ է արել վերջ տալ ծայրահեղականությանն ու հիշեցրել. «Կրոնն իր էությամբ պետք է ծառայի խաղաղությանն ու եղբայրությանը»:

Այցը նա սկսել է Իրաքի շիա մահմեդականների առաջնորդ այաթոլլահ Ալի ալ Սիստանիի հետ հանդիպմամբ: Սիստանին ամենաազդեցիկ շիաներից է իսլամական աշխարհում, որ ներգործություն ունի նաև քաղաքականության վրա: 90-ամյա հոգևորականը հազվադեպ է հանդիպում որևէ մեկի հետ, նա մերժել է Իրաքի ներկա և նախկին վարչապետների հանդիպման առաջարկները: Հանդիպումը կայացել է Սիստանիի համեստ տանը:

Զրույցից մանրամասներ հայտնի չեն:

Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն առաջին անգամ է Իրաքում, որի մոտ 38 միլիոն բնակչության 99 տոկոսը մահմեդականներ են, մեկ տոկոսը՝ քրիստոնյաներ: Առաջին անգամ է նաև այսպիսի շիա բարձրաստիճան հոգևորականի հետ Պապի հանդիպումը: Հռոմի Պապի իրաքյան շրջագայության օրակարգում երկրի հարավ՝ Աբրահամ Նահապետի՝ հուդայականության, քրիստոնեության և իսլամի հոր ծննդավայր այցելությունն է:

Ֆրանցիսկոս (Հռոմի Պապ) - Այստեղից, որտեղ ծնվել է հավատը՝ նախահայր Աբրահամի ծննդավայրից, հաստատենք, որ Աստված ներողամիտ է, և նրա հանդեպ մեծագույն անարգանքը մեր եղբայրներին ու քույրերին ատելն է: Թշնամանքը, ծայրահեղականությունն ու բռնությունը չեն կարող ծնվել հավատավոր սրտում. դա նշանակում է դավաճանել հավատը: Եկեք թույլ չտանք, որ ատելության ամպերը ստվերեն երկնքի լույսը: Ահաբեկչության մութ ամպը, պատերազմն ու բռնությունը կուտակվել են այս երկրի գլխին: Տառապել են բոլոր ազգային և էթնիկ փոքրամասնությունները: Հատկապես կցանկանայի նշել եզդի համայնքին, որ սգում է հազարավոր տղամարդկանց մահն ու կանանց, երեխաների առևանգումներն ու սպանությունները: Առաջ շարժվելու համար միասին պետք է լավ բան արարենք: Երիտասարդների երազանքները չպետք է ընդհատվեն անցյալի պատերազմներով: Դա կլինի ապագա խաղաղության լավագույն պատվաստանյութը: Սիրելի երիտասարդներ, դուք մեր ներկան ու ապագան եք:

Մայրաքաղաք Բաղդադ վերադարձին Ֆրանցիսկոս Պապը պատարագ է մատուցելու Սուրբ Հովսեփի տաճարում: Համավարակ հայտարարելուց ի վեր սա 84-ամյա քահանայապետի առաջին արտասահմանյան այցն է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում