ՄՄարի Կոստանյան

Միացյալ Նահանգները պետք է դիրքորոշում ունենա թուրք-ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

Միացյալ Նահանգները պետք է դիրքորոշում ունենա թուրք-ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

Որպես մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության առաջամարտիկ՝ Միացյալ Նահանգները հարգանք է վայելում ամբողջ աշխարհում՝ գլոբալ խնդիրների լուծման և տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորում գտնելու հարցում իր դիվանագիտական ու տնտեսական ազդեցության արդյունավետ կիրառման շնորհիվ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը՝ փոխանցում է News Week-ը:

Քանի որ Ջո Բայդենի վարչակազմը ժողովրդավարության պաշտպանություն և մարդու իրավունքների պաշտպանության առաջնահերթություն է խոստանում, հուսով ենք, որ ավելի շատ ուշադրության կարժանանա Արցախում ստեղծված շատ փխրուն իրավիճակը:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն անդրադարձել է սեպտեմբերի վերջին Արցախի դեմ Թուրքիայի ու Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, որի հետևանքով հազարավոր մարդիկ են զոհվել, ու տասնյակ հազարավորները տեղահանվել են:

Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ ԱՄՆ-ը վերջերս կոչ էր արել «բանակցային, համապարփակ և կայուն կարգավորում» Արցախի համար:

«Մենք ողջունում ենք այդ կոչը, սակայն Թուրքիան ու Ադրբեջանը սխալ դաս կքաղեն այս հակամարտությունից, եթե ագրեսիան անհետևանք մնա»,- հայտարարել է Վարուժան Ներսեսյանը:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը նշել է, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանն արհամարհել է ոչ միայն ԱՄՆ-ի դերակատարումը որպես խաղաղ բանակցող կողմ, այլև՝ միջազգային հիմնարար նորմերը:

Ներսեսյանն ընդգծել է, որ Թուրքիան այս պատերազմում  կիրառել է ՆԱՏՕ-ի ռազմական համակարգեր, ինչպես նաև ամերիկյան F-16 ռազմական օդանավեր: Դեսպանը հիշեցրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից ծննդատան, շուկաների, եկեղեցիների հրթիռակոծման և միջազգայնորեն արգելված կասետային և ֆոսֆորային ռումբերի կիրառման մասին:

Էթնիկ զտման ֆոնին, գրավյալ տարածքներում համատարած ոչնչացվում են հայկական մշակութային և քրիստոնեական ժառանգության օբյեկտներ: ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը բարձրաձայնել է նաև ադրբեջանցի զինվորականների կողմից հայ ռազմագերիներին կտտանքների ենթարկելու և իսլամիստների ոճով գլխատման տեսագրությունների՝ սոցիալական հարթակներում տարածելու փաստը:

Վարուժան Ներսեսյանի հավաստմամբ՝ երկարատև խաղաղությունն անհնար կլինի, եթե Ադրբեջանն ու Թուրքիան մնան անպատիժ, նրանք հայերի դեմ ագրեսիան կշարունակեն նաև հետագայում:

ԱՄՆ-ի ու ամբողջ աշխարհի հայերը հուսով են, որ Միացյալ Նահանգները սկզբունքային կգտնվի՝ աջակցելով հակամարտության համապարփակ քաղաքական կարգավորմանը: Այն չի կայանա, քանի դեռ հակամարտության հիմնահարցը՝ կարգավորման խնդիրը, լուծված չէ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում