Վարչապետը հուսով է՝ առողջապահության ոլորտում բարեփոխումների տեմպն էլ ավելի կմեծանա

ԿԿարմեն Ղուկասյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Առողջապահության նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանին:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Արսեն Թորոսյանին՝ Առողջապահության նախարարի պաշտոնում գործունեության համար: «Պետք է արձանագրել, որ պարոն Թորոսյանի պաշտոնավարման ընթացքում նախարարությունը մեր ամենաարդյունավետ գերատեսչություններից մեկն է եղել և, բնականաբար, այս պայմաններում քննադատության ամենամեծ չափաբաժնին է արժանացել, ինչն ինչ-որ տեղ բնական է: Սկսած 2018 թվականից՝ ոլորտում լայնածավալ բարեփոխումներ են իրականացվել: Կարևոր է արձանագրել, որ այդ բարեփոխումները եղել են մարդակենտրոն, այսինքն՝ նպատակը եղել է մարդկանց մատուցվող առողջապահական ծառայությունների որակի և շրջանակի ընդլայնումը, և մենք այդտեղ բավականին լուրջ փոփոխություններ ենք ունեցել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նկատել է, որ 2020 թվականը հատկապես առողջապահության ոլորտի համար մեծ փորձությունների տարի է եղել՝ պայմանավորված կորոնավիրուսով և պատերազմով: «Ուզում եմ հատկապես հիշեցնել, որովհետև հիմա այդ դրվագի մասին, ըստ էության, մոռացվել է, որ կար ժամանակ, երբ մեզ կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում ի ցույց էին դնում այլ երկրներ՝ ասելով, որ, ահա, տեսեք, թե ինչպես է պետք պայքարել կորոնավիրուսի դեմ, դուք կորոնավիրուսի դեմ պայքարել չգիտեք:

Բայց մենք վստահ էինք, որ գնում ենք հավասարակշռված ճանապարհով: Հիմա, երբ մեր ասածն իրականության մեջ արդարացել է, մեզ այլևս ի ցույց չեն դնում այդ երկրները, ոչ էլ մեզ են ի ցույց դնում այդ երկրներին: Իհարկե, կորոնավիրուսն անկանխատեսելի բան է, և, ըստ էության, կանխատեսումներն ամենատարբեր են, սկսած նրանից, որ կունենանք 3-րդ, 4-րդ, 5-րդ ալիք, վերջացրած նրանով, որ երևի թե պատվաստանյութը ժամանակին տեղ կհասնի, այն առումով, որ արդյունավետ կգտնվի»,- նշել է Կառավարության ղեկավարը: Վարչապետի համոզմամբ՝ Կառավարությունը պատվով է դիմակայել նոր տիպի կորանավիրուսի համավարակին, և այսօր էլ միջազգային չափանիշներով ունենք կառավարելի իրավիճակ: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ գործադիրն այն կկարողանա պահպանել:

«Իհարկե, հաջորդ շատ ավելի դաժան փորձությունը պատերազմն էր և շարունակում է այդպես լինել: Մենք հիմա նաև, ցավոք, մարմինների նույնականացման խնդիր ունենք, ինչ-որ առումով այդտեղ էլ որոշակի բարդություններ ունեինք, բայց հիմա կրկին կարող ենք գոհունակությամբ նշել, որ այդ աշխատանքը նույնպես շատ ընդունելի տեմպեր է ստացել»,- ասել է վարչապետը:

Անդրադառնալով Անահիտ Ավանեսյանի նշանակմանը՝ Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ նա այս ընթացքում զբաղեցրել է առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, այսինքն՝ եղել է թիմի անդամ: «Ոչ միայն նա, այլ նաև նախարարի մյուս տեղակալները, որոնք տարբեր ժամանակներում են նշանակվել, ըստ էության, գործել են որպես մի թիմ: Տեղի ունեցող փոփոխությունը հետևյալ իմաստն ունի, որ մենք շարունակում ենք վստահել այդ թիմին, ու տվյալ դեպքում տիկին Ավանեսյանը կգլխավորի այն: Ուզում եմ հաջողություն մաղթել Ձեզ՝ տիկին Ավանեսյան, այս աշխատանքները շարունակելու գործում: Հույս ունենք, որ Առողջապահության նախարարությունը կշարունակի ակտիվ գործունեությունը և չի վախենա քննադատություններից, որովհետև աշխատանքը, բնականաբար, բերում է քննադատություն: Իհարկե պետք է առավել ուշադիր լինել քննադատությունների նկատմամբ և փորձել օգտակար ու ռացիոնալ տեղեկատվություն ու խորհրդատվություն դուրս բերել»,- ասել է վարչապետը:

Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ 2018 թվականի մայիսին առողջապահության նախարարի և ընդհանուր ոլորտի կառավարումն իրեն վստահելու համար: «Ինչպես Դուք նշեցիք՝ մենք բավականին տարբեր ուղղություններով՝ և՛ բովանդակային, և՛ շրջանակային, փոփոխություններ ենք փորձել իրականացնել: Այդ իմաստով էլ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ և ընդհանրապես Կառավարությանը՝ մեր առաջարկները մեծ մասամբ ընդունելու համար: Մարդակենտրոն մոտեցումները, որոնք հիմնականում ծնվում էին կա՛մ այս սրահում, կա՛մ աշխատակազմում, իրականություն էին դառնում, ու մեր բնակչությունը դրանից օգտվում էր՝ ստանալով բարձրորակ, ավելի որակյալ բուժօգնություն՝ ավելի լայն շրջանակներով: Նրանք հազարավոր մեր քաղաքացիներն են՝ սկսած երեխաներից, վերջացրած ամենատարեցներով, ու ես վստահ եմ, որ այս աշխատակազմը, այս թիմը նոր նախարարի գլխավորությամբ նույն տրամաբանությամբ և գուցե ավելի լավ, ինչում ուրախ կլինեմ, կշարունակի այդ ճանապարհը»,- ասել է Արսեն Թորոսյանը:

Անդրադառնալով 2020-ի դժվարություններին՝ նախկին նախարարը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ԱՆ աշխատակազմին և նշել, որ նա հաճախ ամիսների ընթացքում գիշերել է աշխատավայրում: 

«Դրա շնորհիվ է, որ այո, սկզբում շատ քննադատվելով, բայց, այնուամենայնիվ, ունենք կառավարելի վիճակ: Եվ եթե հիշում եք, այն տերմինը, որ մենք օգտագործում էինք՝ ապրել կորոնավիրուսի հետ, փաստացի իրականություն է դարձել: Այո, մենք ունենք տնտեսական սահմանափակումներ, վերջում էլ շատ բաներ մեղմեցինք: Պատվաստանյութի մասով էլ արդեն կան պայմանավորվածություններ, և շուտով տարբեր խմբաքանակներ կներկրվեն Հայաստանի Հանրապետություն՝ փոքրից մինչև մի քանի հարյուր հազար»,- ասել է Արսեն Թորոսյանը:

Նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին պատասխանատու պաշտոնը վստահելու համար: Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև Արսեն Թորոսյանին՝ 2018-ին գերատեսչության թիմում իրեն ընդգրկելու և միասին այս ճանապարհն անցնելու համար:

«Վերջին 2.5 տարիները եղել են սկզբից ակտիվ ռեֆորմների, այնուհետև՝ լուրջ մարտահրավերների տարիներ, որոնք և՛ մեր թիմը, և՛ ողջ առողջապահական համակարգը, կարելի է ասել, կոփել է, դարձրել ավելի կուռ, միասնական, նվիրված գործին: Մենք ականատես ենք եղել՝ թե՛ կորոնավիրուսով պայմանավորված և թե՛ պատերազմի ընթացքում ինչպես էր ողջ առողջապահական համակարգը միասնական ուժերով երկու ճակատով պայքարում մեր քաղաքացիների առողջության համար: Պարոն վարչապետ, վստահեցնում ենք, որ պետք է աշխատենք նույն տեմպով՝ շարունակելով ոլորտի զարգացումը, որպեսզի մեր քաղաքացիներին ավելի որակյալ, մատչելի և հասանելի առողջապահական ծառայություններ ապահովենք»,- նշել է նախարարը:

Ամփոփելով՝ վարչապետը հավելել է. 

«Իհարկե, ճիշտ նշվեց, բայց, մյուս կողմից, չեմ ուզում հանրության շրջանում տպավորություն ստեղծվի, թե մենք առողջապահական համակարգի գործունեությունը համարում ենք անթերի, իհարկե, շատ խնդիրներ կան, որոնք լուծված չեն և պետք է լուծվեն: Մեր առողջապահական համակարգի գործունեությունը և որակը շատ տեղերում դեռ հեռու է մեր պատկերացրածից ու երազածից, և, իհարկե, մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ: Բայց ընդհանուր առմամբ պետք է արձանագրել, որ հատկապես ճգնաժամային 2020 թվականին առողջապահական համակարգն, ընդհանուր առմամբ, լուծել է իր առջև դրված խնդիրները, մենք ցավոտ պրոբլեմ ունեինք՝ կապված մարմինների նույնականացման հետ, ԴՆԹ անալիզների հետ, բայց հիմա ինչպեսև նախարարը նշել էր, խոստացված ժամկետում երկրորդ սարքը ներմուծվեց և սկսեց աշխատել: Այդ առումով նույնպես հիմա կառավարելիության բոլորովին նոր մակարդակ ունենք:

Տիկին Ավանեսյան, հաջողություն եմ մաղթում Ձեզ և ներկաներին: Հույս ունեմ, որ այն բարեփոխումների տեմպը, որ կա առողջապահական համակարգում, առնվազն կպահպանվի և մի բան էլ կմեծանա»:

Բոլորի համար պետք է ընդունելի լինի ոչ միայն գազի, այլև ցանկացած ապրանքի համար վճարել փողով, ոչ թե ինքնիշխանությամբ. Պապոյան

Բոլորի համար պետք է ընդունելի լինի ոչ միայն գազի, այլև ցանկացած ապրանքի համար վճարել փողով, ոչ թե ինքնիշխանությամբ. Պապոյան

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Հայկական արտադրանքի ստանդարտները բարձր են և ԵԱՏՄ-ում նախանձելի առավելություն ունեն. Էկոնոմիկայի նախարար

Հայկական արտադրանքի ստանդարտները բարձր են և ԵԱՏՄ-ում նախանձելի առավելություն ունեն. Էկոնոմիկայի նախարար

Պապոյանը՝ կարկտահարությունից տուժածների փոխհատուցման և ապահովագրական վճարումների մասին

Պապոյանը՝ կարկտահարությունից տուժածների փոխհատուցման և ապահովագրական վճարումների մասին

Պետք չի լինել այնտեղ, որտեղ ո՛չ դու ցանկություն ունես լինելու, ո՛չ մյուսները. Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին

Պետք չի լինել այնտեղ, որտեղ ո՛չ դու ցանկություն ունես լինելու, ո՛չ մյուսները. Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին

Կոնկրետ որևէ պայմանավորվածություն այս պահին չկա. Միրզոյանը՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հնարավոր հանդիպման մասին

Կոնկրետ որևէ պայմանավորվածություն այս պահին չկա. Միրզոյանը՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հնարավոր հանդիպման մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում