ԵՄ-ն տարիներ շարունակ քնած է եղել Լեռնային Ղարաբաղի հարցում. քննարկում Բունդեսթագում

ՎՎահե Դավթյան

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ քննարկում է եղել Բունդեսթագում: Խմբակցությունները խոսել են խնդրի խաղաղ ճանապարհով լուծման և Եվրամիության քայլերի մասին: Քննարկմանը մասնակցել է նաև Գերմանիայի ԱԳ նախարարը: Հայկո Մաասն իր խոսքում նշել է, որ առաջնային է կրակի դադարեցումը, որից հետո հնարավոր է սկսել բանակցությունները: 

«Պետք է անհապաղ դադարեցնել կրակը, պահպանել հումանիտար զինադադարը: Սա է միակ ճանապարհը, որից հետո կարելի է խոսել խաղաղ բանակցությունների մասին: Ես դիմել եմ Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ հումանիտար զինադադար կնքելու և առանց նախապայմանների մարտերը դադարեցնելու խնդրանքով: Ռազմի դաշտում բանակցային դիրքորոշում հնարավոր չէ ձեռք բերել»,- նշել է նախարարը:

Նա ընդգծել է, որ Գերմանիան Կարմիր խաչի միջազգային կոմիտեին 2 միլիոն եվրո (ավելի քան 2,3 մլն ԱՄՆ դոլար) կհատկացնի Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով:

Սոցիալ-դեմոկրատական և Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունները կոչ են արել զենք չվաճառել Թուրքիային, քանի որ դա նշանակում է զենքի տրամադրում ակաբեկիչներին:

Ձախերի, կանաչների և «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցություններն էլ աշխարհին կոչ են արել հարցին մոտենալ առանց որևէ նպատակ հետապնդելու՝ ներդնել բոլոր ջանքները՝ խաղաղ բնակչության ապրելու իրավունքը պաշտպանելու համար:

«ԵՄ-ն տարիներ շարունակ պարզապես քնած է եղել Լեռնային Ղարաբաղի հարցում: Ժամանակն է արթնանալ և պատասխանատվություն ստանձնել:  Թուրքիան զենք ու վարձկաններ էր ուղարկում Ադրբեջան: Անհրաժեշտ է անհապաղ պաշտպանել խաղաղ բնակիչներին»,- նշել է Ազատ ժողովրդավարական կուսակցությունից Բիժան Դժիր-Սարայը:

«Տարիներ շարունակ ոչ ոք ճնշում չի գործադրել ոչ Ադրբեջանի, ոչ էլ Թուրքիայի վրա: Եվ այսօր մենք քաղում ենք բոլորի լռության դասը: Այս պատերազմը պետք է լինի եվրոպական արտաքին քաղաքականության քարտեզի վրա: Եթե Ադրբեջանի առաջխաղացումը չկանգնեցվի, սպառնում է մարդասիրական աղետ»,- ասել է Կանաչների կուսակցությունից Մանուել Սարրազին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում