Երկու ժամ ճանապարհից հետո, դիրքեր հասնելուն պես, տեղակայման վայրի ուղղությամբ աշխատում է հակառակորդի հրետանին, իսկ երկնքում լսվում է անօդաչու թռչող սարքի ձայնը: Պատասխան կրակն սպասել չի տալիս: Կոորդինատներ ստանալուն պես, բառացիորեն վայրկյաններ հետո, համակարգը գործում է:

Մի քանի կրակից հետո հակառակ ուղղությունը լռում է: Դա երկար չի տևի, սակայն տղաների դեմքին ժպիտ է: Ունեն մի քանի րոպե շունչ քաշելու և մեզ հետ զրուցելու ժամանակ: Մինչև հարցուփորձ ենք անում իրավիճակի և տրամադրությունների մասին, կողքի պառկաթոռներից լսվում է նարդու զառերի ձայնը:

Եթե մյուս տղաները հարցազրույցից համեստորեն հրաժարվում են, Մհերը տեսախցիկի առջև իրեն չափազանց վստահ է զգում: Օգնում է ծառայության մեծ փորձը: Նրա կողքին 18 տարեկան ժամկետայիններն են: Մարտկոցի հրամանատար Արսենը հավելում է՝ բոլորն էլ հզոր տղաներ են, բայց նորեկներին ռազմական առաջադրանք դեռ չեն տալիս, որպեսզի պատերազմին սովորեն հետզհետե:

Այն, որ Արսենն այստեղ սիրված անձնավորություն է, հասկանում ես առաջին րոպեից: Յուրաքանչյուր հրամանին անձնակազմն արձագանքում է միանգամից: Հասցրել է անցնել Ապրիլյանը: Արսենն այստեղ կարծես բոլորի համար մեծ եղբայր լինի:

Տղաները կարճ ժամանակով մոռացել էին պատերազմի մասին, սակայն կապի հեռախոսը բոլորին վերադարձնում է իրականություն: Հնչում են հերթական կոորդինատները, «համազարկով՝ կրա՜կ» հրամանը: Իսկ հետո կրկին կարելի է շունչ քաշել:

Օգտվելով առիթից՝ առաջանում ենք հրետանու կրակը կառավարող տղաների հետ զրուցելու: Անակնկալի են գալիս, բայց շատ արագ հասկանում են՝ հարազատներին բարևելու և հանգստացնելու հնարավորություն կա:

Այս մարտկոցը դիրքերից չի իջել 29 օր: Որոշակի հոգնածություն կա՝ խոստովանում են: Բայց և այնպես՝ պատրաստ են կանգնել մինչև վերջ: Հասկանում են՝ մի ամբողջ ազգ իրենցով է ապրում: Բոլոր բարեմաղթանքերից, ողջույններից հետո պատրաստվում էին դուրս գալ: Բայց Մհերը որոշեց, որ էլի ասելիք ունի՝ «Մեկ րոպե էլ դուխներդ չգցեք»: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում