Ռուսաստանի և Հայաստանի միջև բեռնափոխադրումները շարունակվելու են. վարչապետը՝ ՌԴ կառավարության նոր որոշման մասին

ՌԴ կառավարության կողմից երկրի սահմանները փակելու վերաբերյալ նոր որոշումը չի ազդելու Ռուսաստանից հայկական բեռների փոխադրման վրա, ուստի անհանգստանալու որևէ առիթ չկա: Այդ մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ նիկոլ Փաշինյանը:  

Նա նշեց, որ այդ փաստը հաստատվել է նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հեռախոսազրույցի ընթացքում՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև բեռնափոխադրումը շարունակվելու է նաև այդ որոշումից հետո:

Փաշինյանի խոսքով՝ Լարսում ճանապարհի բացումից հետո բեռնատարների կուտակումներ կան, և իրենք աշխատում են ռուս և վրացի գործընկերների հետ իրավիճակը կարգավորելու համար: Ըստ նրա՝ այդ հարցի շուրջ բանակցություններն արդյունավետ են և կառուցողական: 

Վարչապետը վստահեցրեց, որ ընդհանրապես դեպի Հայաստան բեռնափոխադրումներն իրականացվում են բնականոն ռեժիմով, խանութներում պարենի պակաս չկա: 

Փաշինյանը նշեց, որ կորոնավիրուսի դեպքերի աճ է արձանագրվում, բայց իրավիճակը կառավարելի է, և պետք է խիստ պահպանել պարետատան սահմանած սահմանափակումները: «Դա, իհարկե, որոշակի տնտեսական վնասներ է բերում, բայց դրանք վերականգնելի են, կարևորը մեր քաղաքացիների առողջության պահպանումն է»,- ասաց նա:

Կառավարությունն արդեն 5 միջոցառման մասին որոշում կայացրել է, մշակվում են այլ որոշումներ, չորեքշաբթի դրանք կսկսեն գործել: «Պետք է մաքսիմալ համախմբված լինել, լինել միասնական, արժանապատիվ և ապագայի վերաբերյալ ռազմավարական որոշումներ կայացնել»,- ընդգծեց Կառավարության ղեկավարը: 

Վարչապետը նաև հաջողություն մաղթեց Հայաստանի բոլոր գործընկերներին կորոնավիրուսի դեմ պայքարում: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում