ՄՄերի Եգորյան

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Հնդկաստանի և Ավստրալիայի վարչապետներին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Հնդկաստանի և Ավստրալիայի վարչապետներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հնդկաստանի ազգային տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Հանրապետության օրվա 70-ամյա հոբելյանի առթիվ։

Այսօր մենք ականատես ենք Հնդկաստանի հասարակության նշանակալի առաջընթացին և նվաճումներին։ Վստահ եմ, որ Հնդկաստանը կշարունակի դինամիկ և կայուն զարգացման իր այս ուղին՝ օրինակ ծառայելով այլ երկրների համար:

Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ ավանդական ջերմ հարաբերությունները՝ խարսխված մեր ժողովուրդների դարավոր պատմական կապերի, բարի կամքի և փոխվստահության ամուր հիմքերի վրա: Համոզված եմ, որ Հայաստանի և Հնդկաստանի փոխգործակցությունը կշարունակի զարգանալ և խորանալ՝ ի շահ մեր ժողովուրդների։

Ջերմ տպավորություններով եմ հիշում մեր հանդիպումը Նյու Յորքում։ Պատրաստ եմ Ձեզ հետ միասին կյանքի կոչելու մեր երկրների միջև համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել նաև Ավստրալիայի Միության վարչապետ Սքոթ Մորիսոնին՝ Ավստրալիայի ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ավստրալիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Ավստրալիայի օրվա կապակցությամբ:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանն ու Ավստրալիան զարգացրել են երկկողմ բարեկամական կապեր: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով մենք նոր լիցք կհաղորդենք մեր հարաբերություններին՝ ի շահ մեր ժողովուրդների։

Ավստրալիայի մեծաթիվ հայ համայնքը, որն զգալի դերակատարում ունի ավստրալական հասարակական-քաղաքակական կյանքի բոլոր ասպարեզներում, ևս կարևոր խթան է մեր միջպետական փոխգործակցության զարգացման և ամրապնդման գործում:

Հավատացած եմ, որ Ավստրալիային պատուհասած այս ծանր աղետից հետո ձեր երկիրն արագորեն կհաղթահարի արհավիրքի հետևանքները և կդառնա էլ ավելի ուժեղ ու համախմբված:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Ավստրալիայի բարեկամ ժողովրդին՝ համբերություն, ոգու տոկունություն և բարօրություն»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում