Ինչո՞ւ Սահմանադրության «հայրերը» Մայր օրենքի նախաբանը անփոփոխելի չեն սահմանել. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Ինչո՞ւ Սահմանադրության «հայրերը» Մայր օրենքի նախաբանը անփոփոխելի չեն սահմանել. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 203-րդ հոդվածը սահմանում է, որ նրա առաջին, երկրորդ, երրորդ և 203-րդ հոդվածները փոփոխման ենթակա չեն։ Մայր օրենքի առաջին հոդվածի իմաստով Հայաստանն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է։ Երկրորդը սահմանում է, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն այն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև պետական և ՏԻՄ մարմինների պաշտոնատար անձանց միջոցով։

«Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»,– ամփոփում է այդ հոդվածը։ Մայր օրենքի երրորդ հոդվածը մարդու՝ որպես բարձրագույն արժեքի, նրա արժանապատվության, իրավունքների և ազատությունների մասին է։

Սահմանադրությունը հանրային իշխանության պարտավորություն է ճանաչում այդ իրավունքների և ազատությունների հարգումը և պաշտպանությունը։ Այս սահմանումները գործում են 1995 թ.-ից, ուստի ընդդիմության պնդումները, որ սահմանադրական փոփոխությունների դեմ համախմբումը հանուն Հայաստանի ինքնիշխանության պահպանման է, պարզ ամբոխավարություն են։

Ոչ մի իշխանություն չի կարող իշխանության առաջնային և միակ սուբյեկտ հանդիսացող ժողովրդին սահմանադրական փոփոխությունների նախագիծ ներկայացնել, որտեղ Սահմանադրության անփոփոխելի հոդվածները տեղ չեն գտնի կամ ներկայացված կլինեն խմբագրված տեսքով։

Ընդդիմության այս կեցվածքը, սակայն, առնվազն քարոզչական մակարդակում առիթ է ստեղծում, որպեսզի Սահմանադրության «հայրերին» հարց ուղղվի, թե ինչո՞ւ 1995 թ. չի սահմանվել, որ փոփոխության ենթակա չէ նաև նրա նախաբանը, որտեղ հղում է արվում «Հայաստանի անկախության մասին» հռչակագրին։ Նույն հարցը պետք է հասցեագրել նաև քաղաքական այն ուժերին, որ 2005 և 2015 թթ. իշխանության մաս էին կազմում կամ բացարձակ իշխանություն ունեին, բայց սահմանադրական փոփոխություններ են իրականացրել՝ առանց ամրագրելու, որ 1995 թ. հուլիսի 5-ին ընդունված Սահմանադրության Նախաբանը փոփոխության ենթակա չէ։

Այն, ինչ նախկինում իշխանություն իրականացրած կամ նրանց կոալիցիոն գործընկեր հանդիսացած քաղաքական ուժերը պահանջում են վարչապետ Փաշինյանից և ՔՊ խորհրդարանական մեծամասնությունից, կարող էին անել 1995, 2005 և 2015 թթ.։ Ինչո՞ւ չեն արել, պարզ և հասկանալի է։

Անհասկանալի է, թե նրանք ի՞նչ շարժառիթներով են փորձում վարչապետ Փաշինյանի դեմ հանրային ճնշում գեներացնել մի հարցով, որի վերջնական լուծումից իրենք ժամանակին ապահովագրվել են։

Վահրամ Աթանեսյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում