«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը կարող է լինել հենց ձեր գաղափարի իրականացման հարթակը․ ԿԳՄՍ նախարար

«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը կարող է լինել հենց ձեր գաղափարի իրականացման հարթակը․ ԿԳՄՍ նախարար

Ամփոփվել է 2026 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների երիտասարդական մրցույթը. տեղի է ունեցել հաղթողների պարգևատրման արարողությունը: Մրցույթում հաղթող ճանաչված գաղափարները ստանում են դրամական պարգև (խրախուսական մրցանակներ)՝ առավելագույնը 500.000 ՀՀ դրամի չափով: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Հաղթողներին ողջունել և պարգևատրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը և Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արամ Խաչատրյանը:

Մրցույթն անցկացվում է Հայաստանի և Սփյուռքի 13-35 տարեկան երիտասարդների, հեղինակային խմբերի շրջանում: Նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, նրանց ներգրավել ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներ և նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է մրցույթի անցկացման 10-ամյակի առիթով՝ նշելով, որ այն տարեցտարի ավելի բովանդակալից է դառնում։ Այս տարի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթին 180 հայտ է ներկայացվել, որը 2023 թվականի ցուցանիշի եռապատիկն է։

«Ըստ վիճակագրության՝ հայտերի շուրջ կեսը դպրոցականներն են ներկայացրել, ինչը շատ ուրախալի փաստ է հատկապես բազմազանության ապահովման տեսանկյունից: Սա նշանակում է, որ այս մրցույթը բոլորի համար է։ Անկախ նրանից՝ դուք սովորում եք դպրոցում, բուհում, թե արդեն չեք սովորում և ուղղակի մի հետաքրքիր գործունեությամբ եք զբաղված, այս մրցույթը կարող է լինել հենց ձեր գաղափարների իրականացման լավագույն հարթակներից մեկը: Ամենաարժեքավորն այն է, որ այդ գաղափարները վերաբերում են ձեր շրջապատում ու առօրյայում առկա խնդիրների լուծմանը»,- մասնակիցներին ուղղված խոսքում նշել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով նրանց:

Ժաննա Անդրեասյանն առանձնակի շեշտադրել է տարբեր խնդիրների նկատմամբ երիտասարդների ուշադրությունը, սրտացավությունն ու դրանք բարձրաձայնելու համարձակությունը: Նա հույս է հայտնել, որ հաղթանակը կոգևորի առաջ գնալու և նոր գաղափարների իրականացման ուղիներ գտնելու՝ վստահություն հայտնելով, որ պետությունն այդ ճանապարհին լավագույն աջակիցն է:

«100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթում այս տարի ներկայացված 180 հայտից 73-ն անցել են երկրորդ փուլ: Սփյուռքից ստացվել է 4 հայտ, որից 2-ն ընդգրկվել են երկրորդ փուլում։ Մրցութային հայտերի 45.4 տոկոսը ներկայացվել է աշակերտների կողմից, 32.2 տոկոսը՝ տարբեր ոլորտների աշխատակիցների, 22.4 տոկոսը՝ ուսանողների կողմից:

Մրցույթի 5 անվանակարգերում հաղթող նախագծերն են՝

1. Կենսաբազմազանություն, կլիմայական անցում, կայուն էներգետիկ զարգացում ռեսուրսների անվտանգ կառավարում՝ «ՀայՄոլ»․ հայ գիտնականների սինթեզած քիմիական միացությունների միասնական շտեմարան, մոլեկուլների պոտենցիալ կենսաբանական ակտիվության համակարգչային գնահատման և դրանց վաճառքի հարթակ (Անահիտ Ջիլիկյան, Նարեկ Պետրոսյան)

2. Թվային փոխակերպում, կլիմայական տվյալների համակարգեր և կանաչ ենթակառուցվածքներ՝ «Հրազդան-1»․ ջրի մակերևույթից լողացող աղբի հավաքման և ջրի ստորին շերտերի հետազոտման ինքնավար ռոբոտ (Հայկ Մադոյան, Էրիկ Խանոյան, Արտաշես Մեջլումյան)

3. Կենսաբժշկական ապահովություն, անհատականացված առողջապահական ծառայություններ և նեյրոհոգեբանական բարեկեցության խթանում՝ «Վիոլացեինի հիմքով հակակենսաթաղանթային ծածկույթի մշակում՝ օրթոպեդիկ իմպլանտների վարակների կանխարգելման համար» (Դիանա Դարբինյան)

4. Կանաչ տնտեսություն, ռազմավարական կառավարում և տնտեսական կայունություն՝ «BinGuard»․ Արհեստական բանականությամբ և Computer Vision տեխնոլոգիայով աղբահանության կառավարման և օպտիմալացման ինտելեկտուալ համակարգ (Գայանե Ռևազյան,Ալինա Սուքիասյան)

5. Ստեղծագործ տնտեսություն, մշակութային ժառանգություն և մարդկային կապիտալի զարգացում՝ «Անտեսանելի կողմ»․ ինտերակտիվ սոցիալական կինոնախագիծ դպրոցական բուլինգի դեմ (Հարությունյան Նարե)

Մրցույթի ամփոփիչ միջոցառմանը շնորհակալագրեր են հանձնվել նաև փորձագիտական խմբի և կազմկոմիտեի անդամներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում