ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության պարտությունը պայմանավորված էր Իրանի հետ հակամարտությամբ։ Վենսի խոսքով՝ իրենց բազմաթիվ աջակիցներ եկել են ընտրությունների, սակայն, դժգոհ լինելով վարչակազմից, քվեարկել են դեմոկրատների օգտին։ Փոխնախագահը նշել է, որ իրենց համախոհների շրջանում անցկացված հարցումների համաձայն՝ նրանք նորից կքվեարկեն հանրապետականների օգտին մի շարք քայլերի դեպքում։ Դրանք են Իրանի դեմ պատերազմի ավարտը, կենսապահովման ծախսերի և գնաճի նվազեցումը, կենտրոնացումը Միացյալ Նահանգների ներքին հարցերի վրա և Իսրայելի հետ հարաբերությունների վերանայումը։ Նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է Վենսի հայտարարությանը։
«Դա հիմնականում ճիշտ է, որովհետև պատերազմի պատճառով բենզինի գինը բարձրացավ։ Բայց միևնույն ժամանակ, եթե ստիպված լինեի դա կրկին անել, կանեի, քանի որ երկարաժամկետ հեռանկարում դա է միակ լուծումը։ Չի կարելի թույլ տալ, որ Իրանը միջուկային զենք ունենա»,– նշել է նա։
Իրանի հետ հակամարտության ավարտի մասին հարցին Թրամփը պատասխանել է՝ դա տեղի կունենա, երբ ինքը ցանկանա, բայց ամեն ինչ պետք է ճիշտ արվի։ ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ ընդհանուր հայտարարի կգա դեմոկրատների հետ՝ կրկին հիշեցնելով, որ վետոյի իրավունք ունի։
Թրամփը նաև քիչ հավանական է համարել, որ Կոնգրեսում վերահսկողություն հաստատելուց հետո դեմոկրատներն իմփիչմենթի կենթարկեն իրեն։ «Առանց որևէ պատճառի իմփիչմենթը կկործանի Դեմոկրատական կուսակցությանը»,- նշել է ԱՄՆ նախագահը՝ պնդելով, որ երկիրը հիմա շատ լավ վիճակում է:
Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում։













