Նոյեմբերի 5-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախաձեռնությամբ կայացել է ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպում, որի արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն։
Տարածված փաստաթուղթն արժանի է լուրջ վերլուծության, բայց մինչ այդ, ամենայն հավանականությամբ, նախորդած իրադարձություններին անդրադառնալու անհրաժեշտություն կա։
Հոկտեմբերի 29-ին ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել և իրազեկել, որ Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի և Բյուրոյի անդամ Սևան Դանիելյանի հետ աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում, որտեղ ՌԴ պետական դումայում հանդիպել են «Միասնական Ռուսաստան» և «Արդար Ռուսաստան» կուսակցությունների ներկայացուցիչների հետ, քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
Նոյեմբերի 1-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքը տեղեկացրել է, որ նույն օրը Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Ռուսաստանի նախկին վարչապետ Սերգեյ Ստեպաշինին, ում ուղեկցել է Լիբանանում ՌԴ դեսպան Ռուդակովը։ Ավելի վաղ Ստեպաշինը Բեյրութում հանդիպումներ է ունեցել Լիբանանի նախագահի և վարչապետի հետ։
Ռուսաստանի նախկին վարչապետը, որը նաև ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն է պաշտոնավարել, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարել Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ներկա վիճակին, հայ և ռուս եկեղեցիների պատմական կապերին, ինչպես նաև Լիբանանում, Սիրիայում և ավելի լայն Մերձավոր Արևելքում Ռուսաստանի ներկայությանը և դերին։
Նոյեմբերի 4-ին ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը հրավիրվել է ՌԴ-ում ավանդաբար նշվող Ժողովրդական միասնության օրվա պաշտոնական արարողությանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին փոխանցել Գարեգին Բ-ի ուղերձը, որով նա Պուտինին քրիստոնեական արժեքների վերաբերյալ դիրքորոշման և դրանց հանդեպ ցուցաբերած վերաբերմունքի համար երախտագիտություն է հայտնել։
Ի պատասխան՝ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Եզրաս սրբազանին և ՀԱԵ թեմին՝ ընդհանուր արժեքների պահպանմանն ուղղված հետևողական գործունեության համար։ Արարողությանը, որ կազմակերպվել է Մոսկվայի Կարմիր հրապարակում, ներկա է գտնվել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, ինչպես նաև Ռուսաստանի մուսուլմանների հոգևոր առաջնորդ մուֆթի Գայնուտդինը։ Նոյեմբերի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով եղել է Բրյուսելում, որտեղ մասնակցել է Euronews հեռուստաալիքի կազմակերպած «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ին։ Այդ շրջանակներում նա հանդիպում է ունեցել Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի և Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ։ Հայաստանի վարչապետը նաև հարցազրույց է տվել Euronews-ին։
Հարկ է ընդգծել, որ Բրյուսելում է եղել նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի կազմակերպած գագաթնաժողովին չի մասնակցել։ Վարչապետ Փաշինյանը Բրյուսելում վերահաստատել է Ադրբեջանի հետ խաղաղությունն ինստիտուցիոնալացնելու նպատակադրվածությունը, ինչպես նաև հստակեցրել, որ ԵՄ-ին անդամակցության հայտ Հայաստանը կներկայացնի 2027 կամ 2028 թվականին։ Ընդդիմադիր քաղաքական ուժերի հանդիպումը կայացել է այս իրադարձությունների համատեքստում։
Ընդունված համատեղ հայտարարությունը, այսպիսով, կարելի է ասել, հետապնդում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն և Ադրբեջանի հետ խաղաղության, Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը ձախողելու նպատակ։
Վահրամ Աթանեսյան










