Հայաստանյան ընդդիմադիր քաղաքական ուժերը միասնական հայտարարություն են արել։ Այս մասին հայտնում է «Ազգային ճակատ»-ը։
Հայտարարության մեջ ասվում է․
«Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և հայոց պետականության առջև ծառացած ճակատագրական մարտահրավերների ողջ լրջությունը, ունենալով մոտեցումների տարբերություններ և տարակարծություններ մի շարք հարցերում, այդուհանդերձ՝հայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին՝ հաստատելով համախմբման հետևյալ առաջնային նպատակները․
Ալիևյան սահմանադրության պարտադրանքի մերժում,
Խաղաղություն՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների,
Ազգային ինքնության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն,
Ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնում։
Ներքոստորագրյալ քաղաքական ուժերը համաձայնում են միավորել իրենց ջանքերը՝ գերակա ազգային խնդիրների շուրջ հանրային միասնության մթնոլորտ ձևավորելու և մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերներին դիմագրավելու նպատակով։ Բոլոր քաղաքական ուժերին, հանրային և հասարակական գործիչներին կոչ ենք անում մաս կազմել ազգային այս համախմբմանը։
«Հայաստան» դաշինք
«Ուժեղ Հայաստան» դաշինք
«Հայաքվե»
«Ապրելու երկիր»
«Բարգավաճ Հայաստան»
«Հայաստանի Հանրապետական կուսակցություն»
«Հայ ազգային կոնգրես»
«Ժառանգություն»
«Միասին»
«Դեմոկրատական այլընտրանք»
«Նոր դարաշրջան»
«Միավորված հայեր»»։
Անդրադառնալով այս հավաքին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը սոցցանցի իր էջում գրել է․
«Առավոտից մեդիայով լուրջ դեմքով հայտարարություններ անես, վերջում շուրջդ հավաքես ժողովրդի կողմից մերժված ուժերին ու առաջարկես համախմբվել։
Բայց ամենակարևոր արձանագրումն այն է, որ էլ ընտրակաշառք չկա, ու այս մարդկանց հույսը՝ ինչպես սկզբում, այնպես էլ հիմա, նույն դեմքերն են։ Քոչարյանի համար ժամանակին Վազգեն Մանուկյանի շուրջ գոնե մի 17 ուժ էր հավաքվել, էնպես որ՝ «տրանսֆերային պատուհանը» բաց է, տեսնենք՝ ով կմիանա։
Շարժում սկսեք՝ անունը դրեք «հոպարի փրկության շարժում», Վազգեն Մանուկյանին էլ բերեք՝ թող առաջնորդի»։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը 64.5 մլրդ դրամի վնաս պատճառելու գործով ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը: Նույն գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 35 անձի նկատմամբ:
Այսօր առավոտից իրավապահները խուզարկություն են իրականացրել 65 բնակարաններում և ընկերություններում, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի տանը: Կարապետյանը ձերբակալվել է։
9 անձի, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ, կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:










