9 անձի, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ, կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը 64.5 մլրդ դրամի վնաս պատճառելու գործով ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը: Նույն գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 35 անձի նկատմամբ:
Այսօր առավոտից իրավապահները խուզարկություն են իրականացրել 65 բնակարաններում և ընկերություններում, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի տանը:
Քննչական կոմիտեի հաղորդագրությունում նշվում է, որ քննչական գործողություններն իրականացվել են մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները չարաշահելու և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանն առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս հասցնելու, առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում:








