Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը քննում է Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլիի գործը։ Դատական նիստերը դռնփակ են, մամուլը դրան գրեթե չի անդրադառնում։ Քերիմլին մեղադրվում է սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու և իշխանությունը զավթելու փորձի մեջ։ Նույն գործով ավելի վաղ դատարանը տասնչորս տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի երկարամյա ղեկավար Ռամիզ Մեհթիևին։
Քերիմլիի դատավարության շուրջ սոցիալական հարթակներում ծավալված բավական ուշագրավ բանավեճից պարզ է դառնում, որ մեղադրանքի հիմքում դրված է 2013 թ. նախագահի ընտրություններին նախորդած իրադարձություններին, մասնավորապես, «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» ստեղծմանը նրա մասնակցությունը։ Խնդրի շուրջ Musavat կուսակցության դիվանի անդամ, փաստաբան Օքթայ Քյազիմովը Ֆեյսբուքում գրառում է կատարել և միանշանակ պնդել, որ այդ կառույցը Ռուսաստանի հատուկ ծառայությունների նախագիծն էր, որը «ադրբեջանական ողջ ընդդիմությունը ոչնչացնելու նպատակ էր հետապնդում»։
Նա հիմնավորել է, որ հակառակ դեպքում ՌԴ քաղաքացի Ռուստամ Իբրահիմբեկովը չէր կարող դրա «հեղինակը դառնալ»։
2013 թ., իրոք, ՌԴ և Ադրբեջանի քաղաքացի Ռուստամ Իբրահիմբեկովը Ադրբեջանի նախագահի ընտրություններում իշխանությունների թեկնածու Իլհամ Ալիևին մրցակից առաջադրվելու ցանկություն է հայտնել, բայց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մերժել է քաղաքացիությունից հրաժարվելու մասին նրա դիմումը, և ադրբեջանական ԿԸՀ-ն նրա գրանցումը մերժել է։ Ավելին, ընտրություններից երկու ամիս առաջ՝ 2013 թ. օգոստոսի 13-ին, նա այցելել է Բաքու, ինչն ընկալվել է որպես Իլհամ Ալիևին բացահայտ աջակցություն։
Քերիմլիին որպես Ռուսաստանի հատուկ ծառայությունների գործակալ ներկայացնելու մեղադրանքը «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդին» նրա անդամակցությամբ հիմնավորելու փորձի վերաբերյալ ֆեյսբուքյան դիտարժան գրառում է կատարել ադրբեջանցի վտարանդի լրագրող Աֆղան Մուխթարլին։
Դիմելով հետևորդներին՝ նա խոստացել է երկար չգրել, միայն փաստել է, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունների նախագիծ անվանվող «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» հիմնադիրներից մեկը Musavat կուսակցությունն է, որի նախագահ Իսա Ղամբարը կառույցի նախագահության անդամ է ընտրվել։
Մուխթարլին պնդել է, որ «Ադրբեջանում Ռուսաստանի միակ նախագիծն Ալիևներն են»։ 2014 թ. հարցազրույցներից մեկում ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն ՌԴ նախագահ Պուտինին անվանել է Հեյդար Ալիևի «հոգեզավակ», որը նրանից է սովորել, թե ինչպես պիտի «գործադիր իշխանությունն ուղղահայաց կառուցել և իշխանության մյուս թևերի նկատմամբ կոշտ վերահսկողություն հաստատել»։
Հիշեցնենք, որ Ռամիզ Մեհթիևի մեղադրանքի «իրեղեն ապացույց է ճանաչվել Մոսկվա ուղարկված նրա նամակը»։ Մինչդեռ Քերիմլիի դատավարությանը որպես վկա դատակոչված նրա որդին՝ Թեյմուր Մեհթիևը, ցուցմունք է տվել, որ այդ նամակը «հասցեագրված է նախագահ Իլհամ Ալիևին»։
Չնայած Մեհթիև-Քերիմլի գործը շուրջ երկամյա վաղեմություն ունի, Ռուսաստանի ոչ միայն պաշտոնական, այլև փորձագիտական շրջանակներն այդ մասին շարունակում են լռել։
Վահրամ Աթանեսյան










