Լեհաստանը կոչ է արել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ռուսական հրթիռները խոցել հենց Ուկրաինայի տարածքում, երբ դրանք շարժվում են դաշինքի երկրների ուղղությամբ: Առաջարկն արվել է այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ Լեհաստանում ընկել էր երեք հրթիռ՝ հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ Լեհաստանն այս գաղափարը քննարկման է դրել Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության անդամ պետությունների դեսպանների հետ կայացած հանդիպման ժամանակ։ Որոշ երկրներ աջակցել են առաջարկը, սակայն քննարկումը նախնական է եղել, և որոշում չի կայացվել։
Աղբյուրների համաձայն՝ նման սցենարը, հավանաբար, կպահանջի, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ին նախնական տեղեկատվություն փոխանցի սպառնալիքի մասին և դաշնակիցներին հասանելիություն տրամադրի իր օդային տարածքին։
Բացի այդ, աղբյուրները նշել են, որ որոշումը կպահանջի ՆԱՏՕ-ի բոլոր անդամների միաձայն աջակցությունը, սակայն առայժմ նման կոնսենսուս չկա: Դա այն սահմանն է, որը դաշինքը փորձում է չհատել, հայտնել է Արևելյան անդամ երկրի մի պաշտոնյա՝ անանունության պայմանով:
Միաժամանակ Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ Կիևի խնդրանքով Ուկրաինայի երկնքում ռուսական հրթիռներ խոցելը կարող է համարվել ինքնապաշտպանություն։
Ռուսաստանը հերքել է Լեհաստանի մեղադրանքները՝ դրանք համարելով անհիմն: Վարշավայում Ռուսաստանի դեսպան Գեորգի Միխնոն պնդել է, որ Լեհաստանը չի կարողացել ապացույցներ ներկայացնել միջադեպին Մոսկվայի ներգրավվածության վերաբերյալ:










