Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ Իրանի հետ խաղաղ համաձայնագիրը հնարավոր է։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ հենց այդ պատճառով էլ վերջին շրջանում նավթի գները կտրուկ նվազում են։ «Իրանը ցանկանում է համաձայնության գալ հնարավորինս շուտ։ Եվ դա կարող է տեղի ունենալ»,– շեշտել է Սպիտակ տան ղեկավարը։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի խոսքով էլ՝ բանակցություններում առաջընթաց կա, և հուսով են, որ կարգավորման կհասնեն դիվանագիտական միջոցներով։
Ավելի վաղ Իրանը հաստատել էր, որ միջնորդների միջոցով բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ։ Իրանի ԱԳՆ-ից նշել են՝ Թեհրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ պայմանով, որ Վաշինգտոնը դադարեցնի իրանական նավահանգիստների շրջափակումը, ապասառեցնի իրանական ակտիվները և վերացնի այլ պատժամիջոցներ։ Իրանական կողմը շեշտում է՝ Թեհրանն արել է հնարավորը, այժմ գնդակը ԱՄՆ-ի դաշտում է։
Այս ֆոնին տեղեկություններ կան, որ Վաշինգտոնը հարվածներ է հասցրել Հորմուզի նեղուցի ափերին գտնվող իրանական Ղեշմ կղզուն։ Իրանական ԶԼՄ-ները հայտնել են պայթյունների մասին։ Ըստ ամերիկյան աղբյուրների՝ հարվածները սահմանափակ բնույթ են կրել, դրանք արվել են ի պատասխան ԻՀՊԿ-ի կողմից ամերիկյան օդանավի թիրախավորման։










