Համաձայն նախօրոք ձեռք բերված փոխըմբռնման՝ Ստեփանավանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը:
«Ընտրական տեխնիկական պահանջների բերումով պրն. Գրիգորյանը ստիպված է եղել սառեցնել անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որն ապասառեցնելու համար արդեն համապատասխան դիմում է ներկայացրել։
Ընդգծեմ, որ չենք պատրաստվում համայնքի ավագանում ձևականորեն հանդես գալ որպես երկու տարբեր խմբակցություն, այլ հանդես ենք գալու որպես միասնական «Քաղաքացիական պայմանագիր»։
Շնորհավորում ենք մեր գործընկեր պարոն Գրիգորյանին հանրային բարձր վստահության համար»,- գրել է Մկրտչյանը։
Հիշեցնենք՝ ըստ ԿԸՀ-ի նախնական տվյալների՝ Ստեփանավանում ամենաշատ ձայները ստացել է «Գործարար» կուսակցությունը՝ քվեների 41,54 տոկոսը՝ 5504 ձայն, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 35,32 տոկոսը՝ 4681 ձայն։ Երրորդ տեղում է «Ուժեղ Հայաստանը»՝ 19,68 տոկոսով՝ 2609 ձայնով։










