2027-ի հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում կներառվեն մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները։ Այդ մասին Ազգային ժողովի՝ նոյեմբերի 17-ի նիստին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով համապատասխան նախագիծը։
«Առաջին խումբը մոտ 350 հազար հոգի է, և նրանց ապահովագրավճարի բեռը 2027 թվականի համար շատ հավասարակշռված է բաշխվել, որպեսզի այն ոչ մի կողմի համար ծանրաբեռնվածություն չլինի։
Այսպես, ամսական 10 800 դրամից 4400 դրամը կվճարի պետությունը՝ սուբսիդավորելով ամեն մեկին, 4400 դրամը կվճարի գործատուն, իսկ 2000 դրամը կվճարի արդեն աշխատողը՝ քաղաքացին»,– ասաց նախարարը՝ հիշեցնելով, որ 2026-ին նույն կերպ սուբսիդավորվել էին 200–500 հազար դրամ աշխատավարձ ստացողները։
Նախարարը նաև տեղեկացրեց, որ հաջորդ տարի 200–500 հազար դրամ աշխատավարձ ստացողներն այն 6000 դրամը, որը պետությունն այս տարի սուբսիդավորում էր, կշարունակեն սոցկրեդիտի շրջանակում հետ ստանալ։
Հաջորդ խումբն էլեկտրոնային հարթակի միջոցով տաքսի ծառայություն մատուցողների խումբն է, որը ներառվելու է համակարգում։ Նրանց համար սահմանվել է որոշակի շեմ. «Անձը պետք է տաքսի ծառայության հարթակին միացած լինի նախորդ 2 տարվա ընթացքում, և նախորդ 1 տարվա ընթացքում նրա ամսական շրջանառությունը պետք է ավելի լինի նվազագույն աշխատավարձից»։
2027 թվականից համակարգը թույլ կտա նաև, որ առողջության ապահովագրության շահառուն իր ընտանիքի մեկ անդամին ընդգրկի համակարգում՝ վճարելով նրա փոխարեն։










