Վրաստանի Սահմանադրական դատարանն ավարտել է հինգ ընդդիմադիր ուժերի գործունեությունն արգելելու մասին իշխող «Վրացական երազանք» կուսակցության աղմկահարույց հայցի քննության նախնական փուլը: Հոկտեմբերի 26-ից դատարանի պլենումը կանցնի գործի հիմնական քննությանը։
Ի սկզբանե դատավարության համար հատկացվել էր երեք օր, սակայն պլենումի նախագահ Ռևազ Նադարայան հայտարարել է, որ նիստերը տեղի կունենան ամեն աշխատանքային օր՝ մինչև դատավարության ամբողջական ավարտը:
Հայցը վերաբերում էր «Միասնություն՝ ազգային շարժում», «Կոալիցիա հանուն փոփոխությունների», «Ուժեղ Վրաստան` Լելո», «Ֆեդերալիստներ» և «Հանուն Վրաստանի» կուսակցություններին։
«Վրացական երազանք»-ը պնդում է, որ այդ ուժերը «գաղափարապես կապված են, գործում են համաձայնեցված և ձգտում են սահմանադրական կարգի խաթարման»: Ընդդիմությունը, իր հերթին, հայցը համարում է հաշվեհարդար քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ։










