Ուրուգվայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանը մասնակցել է «Հայաստան, Եվրոպա և Ուրուգվայ» խորագրով համաժողովին, որը տեղի է ունեցել Ուրուգվայի ORT համալսարանում՝ Երևանի պետական համալսարանի և Ուրուգվայի ORT համալսարանի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման շրջանակում։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։
Իր ելույթում ՀՀ դեսպանն անդրադարձել է Հայաստանի և Ուրուգվայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգին, ինչպես նաև՝ Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների զարգացման ներկայիս փուլին: Դեսպան Գևորգյանն ընդգծել է նաև երկու համալսարանների միջև ստորագրված համաձայնագրի կարևորությունը՝ որպես ակադեմիական համագործակցության ամրապնդման, գիտելիքների փոխանակման և նոր համատեղ նախաձեռնությունների զարգացման հնարավորություն։
Միջոցառմանն ելույթով է հանդես եկել նաև Ուրուգվայում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Դզիեչոլովսկին։
Համաժողովին Հայաստանից առցանց ձևաչափով մասնակցել է նաև Երևանի պետական համալսարանի միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը։









