Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեխնիկական զեկույցում ասվում է, որ կազմակերպությունը չունի հավաստի տեղեկատվություն Իրանի մինչև 60 տոկոս հարստացված ուրանի պաշարների գտնվելու վայրի մասին:
Ըստ վերջին հաստատված տվյալների՝ նախքան 2025 թվականի հունիսին Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելը, Թեհրանն ուներ 440,9 կիլոգրամ այդպիսի ուրան: Ըստ ԱԷՄԳ-ի՝ եթե այդ քանակի մոտ 90 տոկոսը հարստացվի, տեսականորեն կբավականացնի մի քանի միջուկային լիցքերի համար:
ԱԷՄԳ-ն Իրանից պահանջում է տեսուչներին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն և թույլատրել նրանց մուտքը միջուկային օբյեկտներ՝ ցանկանալով հնարավորինս շուտ վերսկսել լիարժեք ստուգումները:
Նշվում է նաև՝ իրանական կողմը ԱԷՄԳ-ին տեղեկացրել է, որ միջուկային օբյեկտներում ստուգումների վերսկսման քննարկումն անհնար է, քանի դեռ ԱՄՆ-ն սպառնում է նոր ռազմական հարվածներով:
Ավելի վաղ Իրանը պաշտոնապես հայտարարել էր, որ չի պատրաստվում երկրի սահմաններից դուրս բերել հարստացված ուրանը:










