Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով

Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով

Ինչպես տեղեկացրել էինք, 85 տարեկանում կյանքից հեռացել է հայ պարարվեստի նշանավոր ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, բալետմայստեր, պարուսույց և մանկավարժ Նորայր Մեհրաբյանը:

ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր (Նորիկ) Մեհրաբյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:

Սովորել է պարարվեստի պետական ուսումնարանում, վաղ տարիքից որպես մենապարող հանդես է եկել Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Կերտել է կերպարներ այնպիսի բեմադրություններում, ինչպիսիք են` Ա. Խաչատրյանի «Գայանե» (Կարեն, 1959 թ.), «Սպարտակ» (Սպարտակի զինակից, 1962 թ.), Պ. Չայկովսկու «Կարապի լիճ» (Ծաղրածու, 1960 թ.), «Ֆրանչեսկա դա Ռիմինի» (Պաոլո, 1964 թ.), Ա. Սպենդիարյանի «Խանդութ» (փեսացու, 1960 թ.), Ի. Մորոզովի «Բժիշկ Այբոլիտ» (Վանեչկա, 1961 թ.), Բ. Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը» (Նուռալի, 1962 թ.), Ա. Ադանի «Ժիզել» (Պադեդե, 1963 թ.), Բ. Սակիլարիի «Չոփչոփիկ» (Ստյոպա, 1963 թ.), Շ. Գունոյի «Վալպուրգյան գիշեր» (1964 թ.), Ս. Պրոկոֆևի «Մոխրոտը» (ծաղրածու, 1965 թ.), «Ռոմեո և Ջուլիետ» (Տիբալտ, 1968 թ.), Կ. Օրբելյանի «Անմահություն» (սև ուժ, 1965 թ.), Լ. Մինկուսի «Դոն Կիխոտ» (Բազիլ, 1966 թ.), Գ. Հախինյանի «Ախթամար» (Վրեժ, 1967 թ.) և այլն:

1970 թ. հրավիրվել է Լենինգրադի Խորեոգրաֆիկ մանրապատումների բալետային խումբ: 1973-83 թթ. եղել է Երևանի պարարվեստի ուսումնարանի գեղարվեստական ղեկավարը՝ միաժամանակ աշխատելով որպես դասական պարի ուսուցիչ: Այդ տարիներին ստեղծել է իր առաջին բեմադրությունները` Ժ. Բիզեի «Պատանեկան սիմֆոնիան», Ա. Խաչատրյանի «Ռուսական պար», Խ. Ավետիսյանի «Զարթոնք», Սակիլարիի «Չոփչոփիկ» և այլն: 1984-86 թթ. եղել է Երևանի օպերային թատրոնի բալետային խմբի գեղարվեստական ղեկավարը:

1987 թ. նրա նախաձեռնությամբ ստեղծվել է Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլը և 38 տարի եղել է անսամբլի գեղարվեստական ղեկավարը։ Կազմավորել է պարախմբեր և համույթներ Բեյրութի, Կիպրոսի, Հալեպի, Լոս Անջելեսի հայ համայնքներում: Հրավիրվել ու աշխատել է Համազգային «Անի» և Ֆրանսիայում «Երազ» պարախմբերի հետ: Աշխատել է նաև Հայաստանի պարի պետական անսամբլում, որտեղ պարել է Խ. Ավետիսյանի «Կատակ պար», «Քարավան», Համբարձումյանի «Ջուր ծախող տղան», Ա. Խաչատրյանի «Վալս», «Լեռնցիներ» և այլ բեմադրություններում:

2022-2023 թթ․ եղել է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարը, 2023-2024 թթ.՝ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի պարային մասի գեղարվեստական խորհրդականը։

Պարգևներ՝

1976 թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչման,2006 թ.՝ ՀՀ ժողովրդական արտիստի կոչման և ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի,2011 թ.՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալի,2020 թ.՝ Երևանի պատվավոր քաղաքացու կոչման,2024 թ․ պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով2026 թ․՝ ՀՀ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում անվանի մշակութային գործիչ և մտավորական Նորայր Մեհրաբյանի ընտանիքի անդամներին, մերձավորներին, ընկերներին և նրա արվեստի երկրպագուներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում