Թուրքմենստանը ելնում է այն ընկալումից, որ կենսաբազմազանության կորուստը, կլիմայի փոփոխությունը, անապատացումը և հողերի դեգրադացումը փոխկապակցված մարտահրավերներ են և ուղղակիորեն ազդում են շրջակա միջավայրի անվտանգության և երկրների զարգացման վրա։ Այդ մասին Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանն ասաց Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը:
«Կարծում ենք, որ անհրաժեշտ է ամրապնդել միջազգային աջակցությունը կլիմայական և բնապահպանական ֆինանսական պրոդուկտներին՝ նպաստելով թվային տեխնոլոգիաների զարգացմանը և կայուն ենթակառուցվածքների ձևավորմանը, որոնք կարող են դիմակայել կլիմայի փոփոխության ազդեցություններին։ Միաժամանակ հավասարության, համերաշխության և գործընկերության սկզբունքները պետք է նպաստեն կենսաբազմազանության պահպանությանն ուղղված միջազգային ջանքերին։ Բազմակողմանի համագործակցության մեխանիզմները, այդ թվում՝ հատուկ համագործակցության համար ստեղծված հարթակները, պետք է թույլ տան պետություններին համատեղել իրենց գիտելիքը, փորձը և կարողությունները՝ հանուն ընդհանուր բնապահպանական նպատակների։ Վստահ եմ, որ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը խթան կհանդիսանա ստանձնած հանձնառությունների իրականացման և միջազգային համագործակցության ապահովման համար։
Թուրքմենստանը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ կառուցողականորեն ներգրավվելու բոլոր շահագրգիռ պետությունների և միջազգային կազմակերպությունների նախաձեռնություններում։ Վստահ ենք, որ համատեղելով քաղաքական կամքը, գիտական ռեսուրսները, գիտելիքը և փորձը՝ կկարողանանք ապահովել ազգային ժառանգության պահպանությունը՝ հանուն մեր մոլորակի ներկա և ապագա սերունդների»,- նշեց Թուրքմենստանի նախագահը։










