Լոռու մարզի Ալավերդի համայնքի Օձուն բնակավայրում այսօր տեղի է ունեցել «Երիտասարդական տարածքի» բացման արարողությունը, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանը, «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Յակոբ Վյոլլենշտայնը (Կոնրադ Ադենաուեր հիմնադրամ) և Ալավերդի համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Մանուկյանը:
Միջոցառման ընթացքում Օձունի երիտասարդական տարածքի գործունեության ապահովմանն ուղղված եռակողմ համագործակցության հուշագիր է կնքվել ԿԳՄՍ նախարարության, Օձունի համայնքապետարանի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի միջև։

Միջոցառումը մեկնարկել է Օձունի մանկական արվեստի, Ալավերդու Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական և Ախթալայի արվեստի դպրոցների սաների կատարումներով:
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է Օձունի երիտասարդական տարածքի բացման կապակցությամբ և ընդգծել՝ երիտասարդների ներուժի բացահայտումը, նրանց կարողությունների զարգացումը և համայնքային կյանքում ակտիվ մասնակցության խթանումը պետական քաղաքականության կարևոր ուղղություններից են։
««Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքը կարևորում է նաև համայնքներում երիտասարդական կենտրոնների ստեղծումն ու դրանց գործունեությանն աջակցությունը՝ որպես երիտասարդական քաղաքականության իրականացման կարևոր բաղադրիչ։ Հենց այսպիսի միջավայրերում երիտասարդները հնարավորություն են ստանում զարգացնելու իրենց հմտությունները, իրականացնելու սեփական նախաձեռնությունները և մասնակցելու համայնքի զարգացմանը»,- ասել է Քրիստինա Թաթարյանը և մաղթել, որ տարածքը դառնա երիտասարդների գաղափարների, նախաձեռնությունների և համագործակցության բաց հարթակ, որտեղ նրանք կիրացնեն իրենց ներուժը՝ դառնալով համայնքային կյանքի ակտիվ դերակատարներ։

Նա նաև նշել է, որ Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը շարունակելու է տարածքի բովանդակային աջակցությունը՝ նպաստելով երիտասարդների կարիքներին համապատասխան ծրագրերի, կրթական հնարավորությունների և նոր նախաձեռնությունների իրականացմանը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամին, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ին և Ալավերդու համայնքապետարանին՝ նախաձեռնության իրականացման գործում ունեցած ներդրման և համագործակցության համար։
Պաշտոնական արարողությունից հետո նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը շրջել է երիտասարդական կենտրոնում, ծանոթացել տարածքին, ստեղծված պայմաններին և կենտրոնի ընձեռած հնարավորություններին: Երիտասարդների հետ հանդիպմանը վերջիններս ներկայացրել են իրենց ստեղծագործական գաղափարներն ու համայնքի զարգացմանն ուղղված առաջարկները:
Օձունի «Երիտասարդական տարածքը» հիմնվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդական կենտրոնների ստեղծման ծրագրի շրջանակում․ Եվրոպական միության և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» նախագծի շրջանակում՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և Ալավերդու համայնքապետարանի համագործակցությամբ։
Հաջորդիվ «Երիտասարդական տարածք» կբացվի Անի խոշորացված համայնքի Սառնաղբյուր բնակավայրում։









